1877թ. փետրվարի 18-ին, Ախալքալաքում ծնվեց հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան):
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում: Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, 1892թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:
Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը: 1898թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում: 1900թ. հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին:
Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903թ. մեկնել է Մոսկվա, 1905-1910թթ. սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ: 1925թ. տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը:
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ:
Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ:
Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»), «Վասակ» (1912թ.) և «Հովնան Մեծատուն» (1919թ.) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման:
Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը նաև դրամատուրգիայի բնագավառում: 1923թ. գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը: «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է:
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված
«Վարդանանք» պատմավեպն է:
Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել:
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ: Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Մահացել է 1956թ.
դեկտեմբերի 6-ին Երևանում:
Մեկնաբանություններ