«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն այսօր որոշել էր ասուլիսով հանդես գալ: Նպատակն էր` ներկայացնել ՋԱՀ-ի իրականացրած ծրագրերը և ապագա անելիքները: Այդ համատեքստում Աշոտ Հակոբյանը պատմեց, որ առավել մեծ ծրագրերից է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որը ՋԱՀ-ի հիմնադրումից ի վեր իրականացվել է:
Հիշեցնենք` ՋԱՀ-ը հիմնադրվել է 2013թ. դեկտեմբերին
և գործունեություն է ծավալում 2014 թվականից: Հիմնադիրներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին գլխավոր խորհրդական, գեներալ - գնդապետ Գուրգեն Դալիբալթյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայկ ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» երգի - պարի համույթի հիմանդիր - ղեկավար Գագիկ Գինոսյաը:
Ջավախքի բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագրի շրջանակներում 320 ընտանիք դրամական պարգևավճարներ է ստացել նախորդ երկու տարիներին: Տնօրենը նշում է, որ թեկուզ գումարը մեծ չէ` 500 - ից 1000 դոլարի չափով, որը տրվում է բազմազավակ ընտանիքներին` երրորդ երեխայից սկսած, սակայն արձագանքներ են ստանում, որ դրա արդյունքում ծնելիությունը Ջավախքում աճել է:
Դժվար է պատկերացնել, թե երկու տարում իրականացված ծրագիրը որքանով կարող էր խթանել ծնելիությունը Ջավախքում: Տնօրենն էլ աճի վերաբերյալ հստակ թվեր չունի: Հիմնավորում է, որ Նինոծմինդայի, և Ախալքալաքի շրջանի ղեկավարությունն է այդ մասին նշել:
ՋԱՀ-ի այս տարվա գլխավոր ծրագիրը եղել է Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրումը և ցուցասրահի բացումը: «Կարևոր է նաև, որ դա Կարծախ գյուղում է գտնվում: Կարծախը սահմանային գյուղ է, Կարծախի անցակետը վերջերս են բացել: Կարծախը սոցիալապես աղքատ գյուղ է: Մենք վստահ ենք, որ տուրիստական մեծ հոսքեր կլինեն: Մենք նաև այդ ուղղությամբ քայլեր անում ենք, պայմանավորվածություններ ունենք համապատասխան տուրիստական գործակալությունների հետ, որ եթե Արևմտյան Հայաստան տուրիստներ են գնում` կամ գնալը, կամ հետ գալը լինի Կարծախով: Թբիլիսի այցելող հյուրերը ևս, եթե մեկնում են Ախալցխա, առաջարկեն նաև մտցնել երթուղի Կարծախի Ջիվանու տուն - թանգարանի այցելությունը», - նշում է Աշոտ Հակոբյանը: ՋԱՀ - ի այս տարվա գլխավոր ծրագիրը եղել է Ջիվանու տուն - թանգարանի հիմնադրումը և ցուցասրահի բացումը: «Կարևոր է նաև, որ դա Կարծախ գյուղում է գտնվում: Կարծախը սահմանային գյուղ է, Կարծախի անցակետը վերջերս են բացել: Կարծախը սոցիալապես աղքատ գյուղ է: Մենք վստահ ենք, որ տուրիստական մեծ հոսքեր կլինեն: Մենք նաև այդ ուղղությամբ քայլեր անում ենք, պայմանավորվածություններ ունենք համապատասխան տուրիստական գործակալությունների հետ, որ եթե Արևմտյան Հայաստան տուրիստներ են գնում` կամ գնալը, կամ հետ գալը լինի Կարծախով: Թբիլիսի այցելող հյուրերը ևս, եթե մեկնում են Ախալցխա, առաջարկեն նաև մտցնել երթուղի Կարծախի Ջիվանու տուն - թանգարանի այցելությունը», - նշում է Աշոտ Հակոբյանը:
Ջիվանու տուն - թանգարանի երկրորդ հատվածի գործարկման համար այսօր աշխատանքներ են տարվում։ Մասնագետներին վկայակոչելով` Աշոտ Հակոբյանը նշում է, որ 1 - 2 տարում թանգարանի վերջնական վիճակ ակնկալելն իրատեսական չէ:
Տնօրենը նաև հպանցիկ նշում է մշակութային այլ ծրագրի մասին, որոնք ՋԱՀ - ի կողմից իրականացվել են երեք տարիների ընթացքում, այդ թվում` փառատոններ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: Առաջիկայում ևս ծրագրեր կան, որոնք գործընկերային սկզբունքների վրա են հիմնված: Առաջնահերթերից են արդի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերը:
Դեռևս արդիական է Ախալքալաքում «Թումո» կենտրոն բացելու նախագիծը` մինչև 2020 թ. - ը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) հետ ծրագրված է «Արմատ» լաբորատորիաների հիմնումը նույն տարիներին:
«Գենետիկորեն ստացվել է այնպես, որ ջավախքահայերը մաթեմատիկական և վերլուծական, տրամաբանական կարողություններից շատ լավ են, և եթե մենք ստեղծենք հնարավորություն, որ երեխաներն աշակերտական տարիքից սկսեն իրենց ունեցած կարողությունները զարգացնել, նրանք հաստատ խոպան գնալու մասին չեն մտածի, այլ իրենց ընկերների հետ ԱՁ են գրանցելու և պատվերներ են ունենալու աշխարհի տարբեր երկրներից, և իրենց համայնքում ապրելով ու շենացնելով` նպաստելու են ջավախքահայության վիճակի բարելավմանը», - ասում է Աշոտ Հակոբյանը:
Ի՞նչ պատահեց Շաքարի գործարանի հետ
Աշոտ Հակոբյանը ապագայի ծրագրերի մասին մեծ հույսերով է խոսում: Դրանք, մինչդեռ, դեռևս ծրագրեր են: Նմանատիպ ծրագրերի մասին դեռևս 2 տարի առաջ հայտարարում էր ՋԱՀ - ի հիմնադիրներից մեկը` «Սովրանո» ընկերության հիմնադիր Սոս Սահակյանը: Նա, հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հայրն է:
2015 թ. - ի մարտին, երբ ամփոփվում էր հիմնադրամի 2014 թ. - ի գործունեությունը, Սոս Սահակյանը հայտարարեց, որ Ջավախքում շաքարի գործարան կառուցելու նախագիծ է մշակվում, տրիկոտաժի, պահածոների և արևածաղկի յուղի լցման արտադրության նախագծեր նույնպես:
Տնօրեն Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե հայտարարված նախագծերից որն է իրականացել մինչ օրս:
Պարզվեց` ոչ մեկը:
Չնայած, միևնույն ժամանակ, Աշոտ Հակոբյանը նշեց, որ Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ պետական մակարդակի հանդիպումներում խրախուսվում է հատկապես տնտեսական ծրագրերի իրականացումն ամբողջ Վրաստանի տարածքում, այդ թվում նաև Ջավախքում, քանի որ այդտեղ իրենք իշխանություններից աջակցություն ունեն:
«Շաքարի գործարանը կառուցելու համար Կրասնոդարից մի գործարար կար, որ ուզում էր ներդրում անել, բայց ինչ-որ խնդիրների պատճառով դա հետաձգվեց: Մտադրություն էլի կա, բայց առայժմ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել: Փոխարենը տնտեսական այլ ծրագրեր իրականացվում են: Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկում անասնապահական խոշոր շինարարություն է սկսվել», - ասաց տնօրենը, սակայն խուսափեց այդ ծրագրի մասին մանրամասներ հայտնելուց:
Ֆրանսիական համալսարանի հետ ծրագիրը ևս ձախողվե՞լ է
Կրթական ոլորտում իրականացվող ծրագրերից Աշոտ Հակոբյանը նշեց Ֆրանսիական համալսարանի հետ համատեղ Ախալքալաքում ՀՖՀՀ նախապատրաստական դասընթացներ անցկացնելու ծրագիրը: Դրանից հետո վերապատրաստվող դիմորդները պետք է ընդունվեին Երևանի Ֆրանսիական համալսարան: Երևանում սովորելու համար ջավախքցի ուսանողների համար կազմակերպվելու էր վրացերենի դասընթաց, որպեսզի նրանք վերադառնային և իմանային երկրի պետական լեզուն: Ավելին, նրանք պարտավորված էին լինելու վերադառնալ և աշխատել Ջավախքում երեք տարի այն դեպքում, եթե ՋԱՀ - ից կրթաթոշակ էին ստացել: Սակայն, պարզվում է, որ էական առաջընթաց այստեղ էլ չկա. դիմորդներ չեն եղել այս տարվա համար, և խումբ չի ձևավորվել:
Ըստ Ա.Հակոբյանի` պատճառները տարբեր են: «Առաջընթաց չկա, որովհետև արդեն երեխաները սկսել են պարապմունքները, և ամեն մեկը որոշել է, թե որտեղ է ընդունվելու, և արդեն դասախոսներ են ընտրել` պարապելու: Խումբ չի ձևավորվել, բայց նույնիսկ եթե 3 հոգի լինի, մենք կարող ենք սկսել», - հիմնավորում է ՋԱՀ-ի գործադիր տնօրենը:
Ա. Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե որպես հիմնադրամ, որը կրթական բաղադրիչ ունի, արդյոք կարող են հայկական դասագրքեր կամ գրականություն տանել և նվիրել Ջավախքի դպրոցներին, կամ փորձել են երբևէ նման ծրագիր իրականացնել: «Բոլորս գիտենք, որ դա պետությունների գործն է, էդ հարաբերություններով են կարգավորվում: Այսինքն` սփյուռքի և ԿԳ նախարարություններն են զբաղվում դրանով: Գիտենք, որ էդտեղ խնդիրներ կան: Մենք դասագրքեր տանելու փորձ չենք արել: Մենք ունենք ամրագրված առաքելություն և կոնկրետ ծրագրային դրույթներ, որի մասին ես խոսեցի և շատերի մասին էլ չեմ խոսել: Դրա համար իմ կոչն այն է, որ եկեք կենտրոնանանք, թե ինչ կարող ենք անել, և փորձենք անել: Որպես հարթակ ենք, և եթե մեկը ինչ-որ նախաձեռնություն է ուզում իրականացնել, մենք աջակցում ենք թե կազմակերպման, թե իրականացման առումով», - եղավ տնօրենի պատասխանը:
Որքա՞ն արդյունավետ են ծախսվում հանգանակված գումարները
ՋԱՀ - ի գործունեության մասին հրապարակված վերջին` 2015 թ. - ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ տարվա օգտագործված միջոցների ընդհանուր չափը մոտ 90 մլն դրամ է, որից մոտ 11 մլն դրամը տնօրեն Աշոտ Հակոբյանի աշխատավարձն է կազմել: Ընդհանուր 90 մլն դրամից մոտ 42 մլն դրամն է ուղղվել ծրագրերի իրականացմանը, մասնավորապես` նշված է մեկ ծրագիր` «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին»:
Հաշվետվության մեջ տեղեկություններ չկան 24,5 մլն դրամի մասին: Ըստ տնօրենի` դա վարչական ծախսերն են:
Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով արդյոք 90 մլն դրամ բյուջե ունեցող հիմնադրամի տնօրենի 11 մլն - ին հասնող աշխատավարձը շռայլություն չէ հիմնադրամի համար, մի հիմնադրամի գործունեության համակարգման համար, որի նպատակը Ջավախքին աջակցություն ցուցաբերելն է:
«Կա հոգաբարձուների խորհուրդ, կան հիմնադիրներ, որոնք որոշել և սահմանել են բոլոր կանոնները, կարգերը: Ես մտածում եմ, որ եկող տարի, երբ որ խոսենք էդ մասին, կտեսնենք, որ շատ լուրջ, էականորեն տարբերվում են: Սկսնակ հիմնադրամն այլ բան է, մենք լուրջ սթարթային թափ ենք վերցրել հիմա արդեն, և զարգացման, մուտքերի հնարավորությունները տարբեր պրոեկտների տեսքով ավելանալու են, և պետք է ասեմ, որ` ոչ, նորմալ եմ համարում», - ասաց տնօրենը:
Հոգաբարձուների խորհրդի անդամներ մասամբ հիմնադիրներն են` Սոս Սահակյանը, Աշոտ Մելքոնյանը, Կարինե Խոդիկյանը, Հարություն Խաչատրյանը, Գագիկ Գինոսյանը, նախարար Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը և շատ ուրիշներ:
Նշենք, որ ՋԱՀ - ի բյուջեն գերազանցապես առաջանում է տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացած անհատույց միջոցներից:
Քրիստինե Աղալարյան
Մեկնաբանություններ