2017 - ը բարեբեր տարի եղավ վիրահայ գրողների համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հայաստանի գրողների միության որոշմամբ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության (ՀԳՄ) անդամ Հովհաննես Մարիկյանը պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով,
«իսկ Ջավախքի բաժանմունքի ղեկավար Ալբերտ Իսոյանը
և Ջավախքի բաժանմունքի պոեզիայի բաժնի վարիչ Գևորգ Հայասան ընդունվեցին ՀԳՄ և ստացան անդամատոմսեր:
Ինչպես «Հայերն այսօր» - ին հայտնում են Վիրահայոց թեմի մամլո դիվանից, մեդալի և անդամատոմսերի հանձնմանն էր նվիրված Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում կայացած հանդիսույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին:
Միջոցառումը բացեց, հյուրերին ողջունեց և պարգևները հանձնեց կենտրոնի ղեկավար,
ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:
Օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը:
Ներկաները լսեցին տեղեկատվություն պարգևի արժանացած գրողների ստեղծագործական ուղու, տպագրած գրքերի, հայապահպանության գործում ունեցած հաջողությունների, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության քարոզչության ծիրում վարած աշխատանքի մասին:
Ալբերտ Իսոյանը (Սաթխա), Գևորգ Հայասան (Մերենիա) և Հովհաննես Մարիկյանը (Հեշտիա), իրենց ելույթներում խորին երախտագիտություն հայտնեցին վերադաս գերատեսչություններին և «Վերնատուն» միությանը՝ պարգևի և մեծ վստահության համար:
Միջոցառմանը մասնակցում էին վիրահայ գրողներ, մտավորականեր, շրջանի ղեկավարներ, այլևայլ բնագավառների աշխատողներ, կենտրոնի խմբավարներ և սաներ: Նրանք՝ Սամվել Իրիցյանը, Կորյուն Բասենցյանը, Դիվին Քաշանյանը, Հմայակ Գրիգորյանը և այլք, ջերմորեն շնորհավորեցին արժանիներին՝ բարձր պարգևի համար:
Հանդիսույթին Կենտրոնի ասմունքի ստուդիայի սաները (ղեկավար՝ Սաթիկ Սնխչյան) և երգչախումբն ու մենակատարները (խմբավար՝ Իրինա Ղարսլյան) հանդես եկան վիրահայ գրողների ստեղծագործությունների ասմունքով, երգչախմբային և ազգային երգերով:
Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
http://hayernaysor.am
Մեկնաբանություններ