Ջավախեթիում ասում են, որ կարգավիճակը կօգնի հայ համայնքին ավելի լավ ինտեգրվել վրացական հասարակություն:
Թբիլիսիում վախենում են անջատողականության բռնկումից:
Վրաստանի հիմնականում հայ համայնքով բնակեցված Ջավախեթի շրջանում լեզվի հետ կապված միանգամից մի քանի խնդիր կա:
Դրանցից մեկն այն է, որ այստեղ բնակչության մեծ մասը վրացերեն չգիտի, և դա մեծ խնդիրներ է առաջացնում և՛բնակչության, և՛ պետության համար ինչպես աշխատանքի տեղավորման հարցում, այնպես էլ՝ բոլոր հաստատություններում:
Մյուս խնդիրն այն է, որ տարածաշրջանը մեծ բարդություններ ունի բնակչության մեծամասնության համար մայրենի հայոց լեզվի հետ. տեղի դպրոցներում դասագրքերի և ուսուցիչների սուր պակաս կա, որոնք վրացերեն գիտեն (առանց դրա թույլ չի տրվում դասավանդել նույնիսկ հայկական դպրոցում):
Մի երրորդ խնդիր էլ կա: Տեղի հայ համայնքը Վրաստանի մեծությամբ երրորդ էթնիկ խումբն է (վրացականից և ադրբեջանականից հետո) և Ջավախեթիի բնակչության մեծ մասն է կազմում: Եվ համայնքը հավակնություններ ունի, որ հայոց լեզուն պետական լեզվի պաշտոնական կարգավիճակ ստանա գոնե տարածաշրջանային մակարդակում:
Առաջին անգամ հայոց լեզվի կարգավիճակի մասին հարցը Ջավախեթիում բարձրացվել է դեռևս 1999թ-ին: Այդ ժամանակներից ի վեր համայնքը տարբեր աստիճանի ակտիվությամբ շարունակում է նման որոշման ընդունմանը հասնել: Պաշտոնական Թբիլիսին և վրացական հասարակությունից շատերն այդ գաղափաարին հիմնականում կտրուկ բացասական արձագանք են տալիս:
Դիտարկենք երկու կողմերի փաստարկները:
«Կողմ» փաստարկներ
1. Հայերենը միակ լեզուն է, որը գիտի ողջ համայնքը
Տարածաշրջանում հայոց լեզուն որպես պաշտոնական լեզու օգտագործելու պահանջի ժամանակային առումով վերջին բաց արտահայտումը 2016թ-ի նոյեմբերին սակրեբուլոյի (տեղական ադմինիստրացիա) որոշումն էր Ախալքալաքի շրջանում նոր ճանապարհային ցուցանակներ պատրաստելու և տեղադրելու մասին: Ավանդաբար Վրաստանում ցուցանակների վրա աշխարհագրական անվանումները վրացերենով և անգլերենով են նշվում: Ախաքալաքի ադմինիստրացիան որոշել է դրանց գումարել նաև հայերենով գրառումներ:
Այդ որոշումը ոգևորությամբ է ընդունել համայնքը, սակայն այն այդպես էլ մնացել է զուտ որպես առաջարկ, քանի որ բացասական արձագանքի է արժանացել տարածաշրջանից դուրս: Տարբեր լրատվամիջոցներ՝ սկզբում Ադրբեջանում, հետո՝ Թբիլիսիում սկսել են գրել այն մասին, որ Ջավախեթիում անջատողականության նոր ալիք է բարձրանում:
Դրանից հետո, ինչպես պատգամավորներն են նշում ոչ պաշտոնական զրույցների ժամանակ, նրանց զանգահարել են Թբիլիսիի տարբեր պաշտոնական մարմիններից և հաստատություններից և հարցրել, թե ինչ է տեղի ունենում և ինչու է սակրեբուլոն հակապետական գաղափարներ առաջ քաշում:
Դրանից հետո սակրեբուլոյում համարել են, որ ավելի լավ է մոռանալ այդ մասին:
Ախալքալաքում մարդիկ խուսափում են բացահայտ խոսել հայոզ լեզվի կարգավիճակի մասին: Այդ լռության պատճառը մեկն է. ամեն անգամ, երբ հայերը բարձրացնում են հայոց լեզվի կարգավիճակի մասին հարցը, պաշտոնական Թբիլիսին դա ընկալում է որպես անջատողականության դրսևորում:
Տեղի ոչ կառավարական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որը խնդրել է չնշել իր անունը, հիշում է, թե ինչպես էին իր վրա ճնշում գործադրում. նա փորձել էր ուշադրություն հրավիրել Վրաստանի կրթության նախարարության, հայ համայնքի մեծամասնության կարծիքով, անարդար որոշման վրա, որի համաձայն դպրոցներում հայոց լեզվի դասավանդման ժամերը կրճատվել են:
«Ես իրականում խոսում էի ոչ թե հայոց լեզվի կարգավիճակի, այլ այն մասին, որ միաժամանակ վրացերենի դասավանդման ժամերի ավելացումն ու հայերենի ժամերի կրճատումը բնակչության մոտ դիմադրություն է առաջացնում, ընկալվում է որպես պետական լեզվի պարտադրում մայրենիի հաշվին: Սակայն ինձ մեղադրեցին, որ ես հայոց լեզվին շրջանային կարգավիճակ տալու գաղափարի լոբբինգ եմ անում և համառորեն խորհուրդ էին տալիս լռել», – ասում է նա:
2. Տեղի բնակչության գործազրկությունը կկրճատվի, եթե հայոց լեզուն շրջանում պետականի կարգավիճակ ստանա
Գեղամ Շահբազյանը ծնվել ու մեծացել է Ախալքալաքում, բարձրագույն կրթություն է ստացել Երևանում, վրացերեն, ինչպես և տեղի բնակչության մեծ մասը, չգիտի: Այդ պատճառով էլ տանը պարզապես հնարավոր չէ աշխատանք գտնել: Երկու տարի շարունակ նա, ինչպես և շրջանի տղամարդկանց մեծ մասը Ռուսաստան էր մեկնում աշխատելու: Սակայն այնտեղի պայմաններին նա չկարողացավ հարմարվել, նա ետ վերադարձավ և այժմ չգիտի ինչ անել:
Նրա կարծիքով, եթե հայոց լեզուն Վրաստանում պաշտոնական կարգավիճակ ստանա, նա կկարողանա աշխատանք գտնել հայրենիքում:
«Ինձ պես շատերին գիտեմ, որոնք լավ մասնագիտություն են ստացել, սակայն վրացերեն չգիտեն և այդպես էլ չեն կարողացել աշխատանքի տեղավորվել: Երբ ես դպրոցում էի սովորում, մեզ մոտ գրեթե վրացերենի դասեր չէին անցկացվում», – ասում է Գեղամը:
Վիոլետա Ուզունյանը 1990-2012թթ-ին որպես բուժքույր է աշխատել Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում: 2013թ-ին նրան աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ նա ատեստավորման ժամանակ չի կարողացել վրացերենը հանձնել:
«Մենք խորհրդային տարիներին ենք սովորել, մեզ մոտ այստեղ վրացերենն ընդհանրապես չէր դասավանդվում, իսկ առօրյա կյանքում մենք վրացերենով շփվելու կարիք չունենք, այստեղ միայն հայեր են ապրում: Սակայն մեզնից այսօր վրացերենի իմացություն են պահանջում, հակառակ դեպքում մեզ ազատում են աշխատանքից: Եվ ի՞նչ անենք հիմա», – ասում է Վիոլետան:
«Ես աշխատում էի ավելի քան քսան տարի, և ոչ ոք ինձնից չի բողոքել: Սակայն ինձ ազատեցին աշխատանքից: Եվ այդ ժամանակ ես որոշեցի օմբուդսմենին դիմել: Վրացերենով դիմում կազմելու, դրա թարգմանության և անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման համար 170 լարի եմ ծախսել: Եվ ամեն ինչ անարդյունք էր», – պատմում է Վիոլետան:
«Յուրաքանչյուր ամենասովորական փաստաթուղթը թանկ է նստում, քեզնից քամում են վերջին փողը: Այդ պատճառով էլ մեզ՝ հայերիս համար միշտ արդիական է հայոց լեզվի պետական կարգավիճակի հարցը», – ասում է Վիոլետան:
Տեղացիներն ասում են, որ խնդիրը շատ լուրջ է, և եթե ևս տասը տարի ոչինչ չփոխվի, Ջավախեթիում մի սերունդ կմեծանա, որը ոչ գրական ճիշտ հայերեն կիմանա, ոչ պետական վրացերեն:
3. Ազգային ինքնության պահպանումը
«Այն ամենն, ինչ մենք ուզում ենք մեր ինքնության պահպանումն է: Սակայն Վրաստանի իշխանությունները մեզ սխալ են հասկանում: Հենց լեզվի հարց ենք բարձրացնում, միանգամից հարձակվում են. թե այ Ջավախքի այդ հայերն անջատողականներ են, Վրաստանում ևս մեկ Օսիա են ուզում սարքել: Այդ պատճառով էլ ավելի լավ է լռել», – ասում է Ախալքալաքի բնակիչ Վրեժ Կարախանյանը:
Անջատողականության մասին հարցն Աշոտ Քոսյանին փակուղի է մտցրել, չինամալով, թե ինչ պատասխանել այդ հարցին, նա ասաց. «Դուք ինձ հարցրեք, թե որքանով եմ ուզում կարտոֆիլը վաճառել, ինչ եմ պատրաստվում անել այդ գումարը: Այսօր, օրինակ, ես ուրախ եմ, որ կարտոֆիլի գինն աճել է, գոնե փոքր կոսմետիկ վերանորոգում կանեմ տանս հյուրասենյակում: Թե չէ ինչ - որ անջատողանակություն, այդ ի՜նչ սադրիչ հարցեր են», – ասում է Աշոտ Քոսյանը:
Բոլորն, ում հետ խոսել ենք Ախաքալաքում անջատողականության մասին՝ շուկայում, դպրոցում, խանութում, դեղատանը, միևնույն բանն են ասել. Ջավախեթիում հայկական անջատողականության թեման ժամանակ առ ժամանակ արդիական է դառնում Թբիլիսիում, քանի որ կենտրոնական լրատվամիջոցները Ջավախեթին ընկալում են որպես անջատողականության սպառնալիք պարունակող շրջան և շրջանով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ այդ թեման արդիական են համարում: Շրջանի խնդիրների մասին լուրջ զրույց, տեղի բնակչության կարծիքոների պարզում, կենտրոնական լրատվամիջոցներով նրանց մասին պատմությունները բացակայում են:
4. Հայոց լեզվի պետական կարգավիճակը համայնքին կօգնի ինտեգրվել վրացական հասարակություն
«Հայոց լեզվին շրջանային կարգավիճակ շնորհելը տեղի հայ բնակչությանը հնարավորություն կտա ավելի ակտիվ մասնակցել Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին», – կարծում է երևանյան քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Լեզվի հետ կապված Թբիլիսիի ֆոբիաներն արդարացված չեն, դրանք կապված են աբխազական և օսական կոնֆլիկտների հետ ուռճացված զուգահեռների տանելու հետ, որոնք համեմատելի չեն հայերով բնակեցված Ջավախեթիում ստեղծված իրավիճակի հետ», – ասում է Մինասյանը:
Սամցխե-Ջավախեթիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը նույնպես կարծում է, որ հայոց լեզվին շրջանայինի կարգավիճակ շնորհելը կօգնի սկսել հաղթահարել մեկուսացումը, որում այժմ ապրում է Վրաստանի հայ համայնքը:
«Ահա մի հստակ օրինակ: Ախալքալաքում դատավորը հայ է, մեղադրյալն ու նրա փաստաբանը՝ նույնպես: Նրանք կամ ընդհանրապես վրացերեն չգիտեն, կամ քիչ գիտեն: Իսկ արձանագրությունը վրացերենով է կազմվում: Դա նշանակում է, որ մեղադրյալը նավազագույնը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որից ոչինչ չի հասկանում: Գործավարությունը, դատավարությունը, ինչպես նաև ներքին փաստաթղթերի ձևակերպումն անպայման պետք է հայերենով արվեն», – ասում է Արտակ Գաբրիելյանը:
Նրա խոսքով, Ջավախեթիի համար երկու կարևոր հարց՝ հայոց լեզվին շրջանային պետական կարգավիճակ շնորհելը և շրջանում վրացերեն լեզվի լայն ներդրումը պետք է միաժամանակ լուծվի և նույնիսկ՝ միասին:
«Սամցխե-ջավախեթիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը բազմիցս այդ հարցը բարձրացրել է, մենք դրան լուրջ մոտեցում ենք պահանջում, որպեսզի ողջ շրջանում վրացերենի ուսուցման կենտրոններ բացվեն», -ասում է Արտակ Գաբրիելյանը:
Եվ տարածաշրջանում երկու լեզուների զարգացման կարևոր գործիք է հայ-վրացական համալսարանը:
«Դեմ» փաստարկներ, որ հայոց լեզուն Ջավախեթիի շրջանում պետական լեզվի կարգավիճակ ստանա
«Դեմ» փաստարկների հեղինակներից մեկը լրագրող, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բեյբուրթն է, որը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդականն է եղել:
Բեյբուրթն ասում էր, որ դա կարելի է քննարկել միայն այն բանից հետո, երբ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների գոնե 30-40 տոկոսը պետական վրացերեն լեզուն սովորի. «Այլապես կստացվի, որ օրենք կընդունվի վրացերենն ուսումնասիրելը դադարելու մասին»:
Համատեքստ և չիրականացրած խոստումներ
Ախալքալաքում շատերն են խոսում այն մասին, որ 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ փաստացի փոխվում էր իշխանությունը, ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին իբր Ջավախեթիի բնակչության հետ հանդիպման ժամանակ հանրային կերպով հայտարարել է, որ եթե իր կուսակցությունն իշխանության գա, հայոց լեզուն շրջանային պետական լեզվի կարգավիճակ կստանա:
Այժմ դժվար է պատկերը վերականգնել և պարզել՝ արդյոք նման բան է ասվել: Սամխե-Ջավախեթիում լույս տեսնող «Սամխրեթիս Կարիբչե» թերթը 2012թ-ի սեպտեմբերի 12-ին այդ հանդիպումից ռեպորտաժ է հրապարակել և միայն այսպիսի մեջբերում է արել.
«Պետական լեզուն վրացերենն է, սակայն այն չի հակադրվում հայոց լեզվին, որով խոսում են հայերով խիտ բնակեցված շրջաններում: Մարդիկ պետք է ընտրություն ունենան… թե որ լեզվով խոսել, այլ ոչ թե դա վերևից թելադրված լինի»:
Շրջանում նույնպես պնդում են, որ նա հայտարարել է, թե Ախալքալաքում հայ-վրացական համալսարան կբացվի:
«Վրացական երազանքն» իշխանության եկավ, և Ջավախեթիում մեծապես վիրավորված խոսում են, որ «Իվանիշվիլին մոռացել է իր նախընտրական խոստումների մասին»: 2016թ-ի դեկտեմբերին Բիձինա Իվանիշվիլին այցելել է Ախալքալաք, և մամուլի ասուլիսի ժամանակ տեղական JNews տեղեկատվական գործակալության լրագրողը նրան հարց է տվել. «Իսկ ի՞նչ կասեք հայոց լեզվի կարգավիճակի մասին»:
Իվանիշվիլին պատասխանել է.
«Ես ողջունում են հայ-վրացական համալսարանի բացումը: Չեմ հիշում, թե ինչ համատեքստում և ինչպես եմ ես այդ մասին խոսել, սակայն այժմ էլ ես նույն բանը կասեի:
Ինչ վերաբերում է լեզվին… տեղի լեզուն միշտ էլ հեղինակություն է վայելել Ախալքալաքում, ոչ ոք այստեղ չի սահմանափակում հայերենը: Սակայն խնդիրն այլ է. այստեղ ապրող հայերը վրացերեն չգիտեն: Պետական լեզվի չիմասցությունը նրանց համար մեծ խնդիրներ է առաջացնում: Մեր պարտքն է նրանց օգնել պետական լեզուն սովորելու հարցում»:
Գեղամ Շահբազյանի կարծիքով, որն Ախալքալաքում կիսում են շատերը, այդպիսի հայտարարությունը Վրաստանում քաղաքականապես ամենաազդեցիկ մարդու կողմից հաստատում է տեղական համայնքի հին վախերը. պետությունն իր առջև խնդիր է դնում ոչ թե հայերին վրացական հասարակություն ինտեգրելու, այլ նրանց ասիմիլացնելու: Իսկ այդպիսի մոտեցումը տեղի հայ բնակչության համար վտանգ է ներկայացնում:
«Այդ հայտարարությունը պետք է եվրոպական կազմակերպությունների ուշադրությունը գրավի, որոնք մեծ ջանքեր են թափում Վրաստանը որպես ժողովրդավարական արժեքներով և եվրաինտեգրված երկիր ներկայացնելու համար», – ասում է Շահբազյանը:
Տարածաշրջանային լեզուների վերաբերյալ եվրոպական փորձն ու Վրաստանը
Եվրոպայի խորհուրդը «Շրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիա» անվանումով փաստաթուղթ է մշակել դեռևս 1992թ-ին: Փաստաթղթի հայտարարագրված նպատակը բնակչության բոլոր խմբերին հավասար իրավունքներ ապահովելն է:
«Խարտիայի համաձայն՝ բնակչությունը, որի մայրենի լեզվին շրջանայինի կամ փոքրամասնության կարգավիճակ է շնորհվում, պետք է իրավունք ստանա սեփական լեզվով գործավարություն վարելու, կրթություն ստանալու և տեղեկատվության միջոցներ ստեղծելու: Այդ խարտիայի համաձայն՝ շրջանային լեզվի կամ փոքրամասնության լեզվի տակ պետք է հասկանալ այն լեզուները, որոնք որոշակի տարածքում ավանդաբար օգտագործվում են բնակչության տեղական խմբերի կողմից, որոնք թվով զիջում են պետության հիմնական բնակչությանը: Դրանք տարբերվում են պաշտոնական պետական լեզվից և պետական լեզվի բարբառ կամ միգրանտների լեզու չեն»:
Այնուհետև խարտիան ուղարկվել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամների, ինչպես նաև այդ փաստաթղթին միանալու ցանկություն ունեցող ցանկացած պետության ստորագրմանն ու վավերացմանը:
Վրաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու ժամանակ իր վրա պարտավորություն է վերցրել խարտիան մեկ տարվա ընթացքում ստորագրել և վավերացնել: Խարտիան ստորագրվել է, սակայն մինչև հիմա վավերացված չէ: Այդ պահից սկսած Եվրոպայի խորհրդի ամենամյա հորդորների մեջ հիշեցում կա, որ Վրաստանի կառավարությունը պետք է իր վրա վերցրած պարտավորություն կատարի և ստորագրի խարտիան:
Այդ պարտավորությունները 7 ոլորտի են վերաբերում.
ա. կրթություն,
բ. արդարադատություն,
գ. վարչարարություն,
դ. մեդիա,
ե. մշակույթ,
զ. տնտեսություն,
է. սոցիալական շրջապատ,
ը. միջսահմանային փոխանակում:
Կատարման համար պարտադիր միջոցների շարքում են.
ա. երկլեզու ուսուցման ներմուծում,
բ. միայն ազգային փոքրամասնությունների լեզվով ուսուցման հնարավորություն,
գ. փոքրամասնության լեզվով հեռարձակվող ռադիոկայանի ստեղծում,
դ. հեռարձակվող ալիքներով այդ լեզվով ծրագրերի ստեղծում:
Փոքրամասնությունների լեզվի հանդեպ արդյունավետ քաղաքականության օրինակներ կարող են ծառայել Կանադան և Շվեյցարիան: Կանադայում անգլերենն ու ֆրանսերենն իրավահավասար պետական լեզուներ են: Միաժամանակ իշխանություններն աջակցում են և զարգացնում ևս 5 լեզու, որոնք տնային են համարվում մարդկանց զգալի թվի համար՝ չինարենը (2.6%), փենջաբին (0,8), իտալերենը (0,6), իսպաներենը (0.7), ուկրաիներենը (0,5):
Շվեյցարիայում չորս պետական լեզու կա՝ ֆրանսերենը, իտալերենը, գերմաներենն ու ռետրոռոմաներենը:
Միաժամանակ բոլոր երեք բալթյան պետությունները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան կտրականապես հրաժարվել են խարտիան ստորագրել: Նրանց փաստարկը հետևյալն է. ազգային փոքրամասնությունը երկրի բնիկները չեն, այլ համեմատաբար վերջերս տեղափոխվածները:
Ֆրանսիայում, որտեղ ունիֆիկացնող լեզվական քաղաքականություն է վարվում, խարտիան երկրի սահմանդրությանը հակասող է ճանաչվել:
Աղբյուրը՝ «https://jam-news.net» - ի:
ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ, ԱԽԱԼՔԱԼԱՔ, ԳԻՈՐԳԻ ԶԵԴԳԻՆԻՁԵ, ԹԲԻԼԻՍԻ
Մեկնաբանություններ