Հունիսի 18-ին Ախալքալաքի Հայկական Երիտասարդական կենտրոնի կողքին բացվեց Հայաստանի առաջին վարչապետ Համո Օհանջանյանի անունը կրող երկհարկանի մասնաշենք: Մասնաշենքի բացման արարողությունը մեկնարկվեց կենտրոնի սաների հայկական պարերի ներքո:
Մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հոգևորականներ, մտավորականներ և հասարակական գործիչներ Թբիլիսիից, Ջավախքի տարբեր շրջաններից ու Հայաստանից:
Բացման արարողությանը Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչների կողքին ներկա էին նաև պաշտոնյաներ Հայաստանից:
Բացման ժապավենը կտրելուց առաջ իրենց ողջույնի ու երախտիքի խոսքերով հանդես եկան բազմաթիվ հյուրեր, ովքեր կարևորեցին մասնաշենքի կառուցումը, ինչը պետք է ծառայի հայ երիտասարդների հայեցի կրթելու կարևոր առաքելությանը: Ջավախքի Օժանդակության խմբի անունից Բագրատ Սարգսյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց Թեհրանի հայ համայնքին Համո Օհանջանյանի մասնաշենքի կառուցման օժանդակության համար:
Նա պարզաբանեց, թե ինչու է մասնաշենքը կրում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ ծնունդով Ախալքալաքցի Համո Օհանջանյանի անունը ասելով, որ իրենց նպատակն է երիտասարդներին դաստիրակել ազգային գաղափարներով հայրենասեր մարդիկ:
Իրենց ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը և Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի մաժորիտար պատգամավոր Սամվել Պետրոսյանը :
Մասնաշենքի բացման մշակութային ծրագրերից ու ողջույնի խոսքերից հետո մասնաշենքի բացման ժապավենը կտրեցին Համազգային Հայ Կրթամշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը և ՀՕՄ - ի Ջավախքի օժանդակության ծրագրերի ատենապետ Բագրատ Սարգսյանը :
Բացման արարողությանը հետևեց տնօրհնեքի արարողությունը:
Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի մասնաշենքի բացման արարողությանը իրենց պարերով ու երգերով ներկայացան նաեւ Ախալցխայի ու Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաները:
Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախումբ
Մեկնաբանություններ