ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ինչպես հայաբնակ գյուղը դարձնել վրացաբնակ

Ցուցանակ չունեցող գյուղերը հաջորդաբար փռվել են սարերի փեշերին։ Եթե տեղացի չլինի հետդ, չես էլ իմանա՝ որտեղ ես գտնվում և ուր ես գնում։ Առավել ևս, երբ հիմնական ճանապարհի փոսերը շրջանցելու համար տեղացի վարորդները ավտոմեքենան հողե ճանապարհներով են վարում՝ սարերի կամ արտերի միջով:

Սամցխե - Ջավախքի վրացիներով բնակեցված Բալանթա գյուղին հաջորդում է ամբողջությամբ հայերով բնակեցված Չիխարուլան (տեղացիների արտասանությամբ՝ Չխարոլա)։ 1,5 կմ է բաժանում գյուղերը:

Չխարոլայի մասին համացանցում տեղեկություններ գրեթե չկան ոչ հայերենով, ոչ էլ վրացերենով։ Wikipedia - ի վրացերեն բաժնում մի նախադասությամբ է բնութագրած գյուղը․ այն Բորժոմի վարչական շրջանին է պատկանում, Ջավախքի բարձրավանդակում՝ ծովի մակերևույթից 1860 մետր բարձրության վրա:

2002թ․ մարդահամարի տվյալներով՝ գյուղը 299 բնակիչ է ունեցել: Այդ նույն տվյալներով Բալանթա գյուղն էլ 161 բնակիչ է ունեցել:

Եվ չնայած այն հանգամանքին, որ Չիխարուլայի բնակչությունն զգալիորեն ավելի է Բալանթայից, և երկու գյուղերն էթնիկ տարբեր պատկանելություն ունեն, Չիխարուլան ընդգրկել են Բալանթայի վարչական միավորում։ Գյուղապետը Բալանթայից է, Չիխարուլան միայն ներկայացուցիչ ունի:

Առավել բարդ իրավիճակում է երեխաների կրթության հարցը: Չիխարուլա գյուղի դպրոցը 6-ամյա կրթություն է ապահովում գյուղի երեխաներին: Առ 2015 - 2016թթ․ ուսումնական տարին Չիխարուլայի դպրոց մինչև 4-րդ դասարան էին հաճախում: 1860 մետր բարձրության վրա գտնվող գյուղում ցրտաշունչ ձմեռներ են լինում, և երեխաները ստիպված էին այդ ցրտին անցնել 1,5 կմ ճանապարհը:

Դպրոցի որոշակի բարեկարգումից հետո ավելացել են 5 և 6-րդ դասարանները: 7-րդ դասարանից սկսած, երեխաները հաճախում են Բալանթա գյուղի դպրոց։ Դպրոցը նույնպես վրացական է, սակայն բաժանված է երկու խմբի՝ հայկական և վրացական: Բալանթայի վրացի երեխաները սովորում են վրացական բաժնում, Չիխարուլայի երեխաները՝ հայկական բաժնում:

Սակայն ոչ թե Բալանթայի դպրոցի 16 աշակերտներն են գալիս Չիխարուլա, այլ չիխարուլացի 25-ը պետք է գնա Բալանթա: Պատճառը, ըստ տեղացիների, շենքային պայմաններն են․ Բալանթայի դպրոցն ավելի բարեկարգ ու մեծ է, քան Չիխարուլայինը:

«Բալանթու սեկտորն առանձին է, մերն՝ առանձին։ Ա ու Բ դասարաններ են։ Նրանցը ամեն ինչ վրացերենով են անցնում, մենք՝ կեսը վրացերեն, կեսը՝ հայերեն, - պատմում է 7-րդ դասարանցի Շիրազ Հակոբյանը: - Ուսուցիչների մի մասը Բալանթայից են, մի մասը՝ Չիխարուլայից։ Բալանթացիները վրացի են»:

«Մենակ հայոց լեզուն ու գրականությունն է, որ հայերեն է, մնացածը մեծ մասամբ վրացերեն: Հարգելիներն (ուսուցիչները - հեղ․) էլ պահանջում են, որ թարգմանենք: Լավ է, որ վրացերեն սովորենք, բայց կա մարդ, որ տունը վրացերեն իմացող չկա, չեն կարող թարգմանել», - ավելացնում է երեխաներից մեկը:

Վերան, օրինակ, օգնող չունի: «Հոպարենցս եմ գնում, որ ինտերնետով թարգմանե», - ասում է նա:

«Համարյա 20 աշակերտ 25 ուսուցիչ: Դասարան կա մեկ աշակերտ կա, դասարան կա՝ միացյալ են, որովհետև մարդ չկա, - երեխաներին ավելացնում է չիխարուլացի Ժոռա Հունանյանը՝ ներգրավվելով մեր զրույցին: - Մեր աշակերտները պահում են իրենց դպրոցը»:

Չիխարուլայի դպրոցի տնօրենը նույն Բալանթայի դպրոցի վրացի տնօրենն է: Թե ինչպես են երկու տարբեր գյուղերի դպրոցները մեկ տնօրենի կառավարմանը հանձնվել, գյուղացիները չգիտեն:

Կրթության որակի մասին նրանք դժվարանում են խոսել․ «Ըշտը սովորում են»:

«Ամեն ինչ անցնում են, մենակ հայոց պատմություն չեն անցնում։ Վրացերեն առարկաները շատ են, հայկականը շուտով կվերջանա։ Հայկական պատմություննա չիմանա՞ հայը», - երեխաների հետ զրույցին միջամտում է Շիրազի պապը՝ Վալեր Հակոբյանը:

Զրույցը հետզհետե ընդլայնվում է: «Գրե, օր չխարոլացիք շատ պահանջներ ունին, առաջնայինը գեղի ճամփան է»,- պնդում է Ժորա Հունանյանը:

Բացի այն, որ գյուղ տանող ճանապարհներն են քարուքանդ, մեծ մեքենաներով խոտը սարից իջեցնել չեն կարողանում ճանապարների վտանգավոր լինելու պատճառով: «Ֆորդը» լավագույն խոտ փոխադրող «բեռնատարն» է այս գյուղի համար։ «Ճանապարհ չունենք, կշրջվենք, եթե մեծ բեռնատարներով բերենք: Նստես մեքենաս հետս գաս, լեղիդ կպատռի (վախից լեղաճաք լինել - հեղ)», - շարունակում է գյուղացին:

54 տուն է մնացել գյուղում : Գյուղի կեսը խմելաջուր չունի: Ձեռքով են կրում մոտակա աղբյուրից: «Մի գիրկ փող ծախսեցին, ջուր բերին գյուղ, բայց խմելու ջուր չի: Մաքրող կայան չկա, թուրքի մալը միջից է գնում - գալիս, էդ ջուրը ո՞նց պետք է խմենք: Նույնիսկ լվացքի չեն օգտագործում», - մանրամասնում է Ժ․ Հունանյանը:

Բալանթան էլ տեսքից հարուստ գյուղի տպավորություն չի թողնում: Չիխարլացիք դրա բացատրությունն էլ ունեն․ «Նրանք թամբալ ժողովուրդ են, հեկտարներով հող ունեն, բայց չեն մշակում: Մենք իրենցից վարձակալում ենք, որ ցանենք», - ավելացնում է Ժ․ Հունանյանը:

Չխարոլացիները իրենց գյուղի հեռանկարը չեն տեսնում: Նույնիսկ գյուղում կառուցվող կաթի վերամշակման գործարանը նրանց հույսեր չի ներշնչում: Բորժոմցիները են կառուցում այն։: Շինարարությունը վերջին փուլում է, և սեպտեմբերին այն պետք է գործարկվի: Խոստացել են, որ գյուղացիներն իրենց կաթը կհանձնեն գործարանին: Հարցնում եմ՝ աշխատող կա՞ գյուղից, Ժ․ Հունանյանը պատասխանում է․ «Ո՞վ մեզ գործ կտա, իրենք կաշխատեն: Սև գործերի համար մի երկուսին եթե վերցնեն, վերցնեն, թե չէ իրենք Բորժոմից կբերեն իրենց աշխատողներին»:

Հրաժեշտից առաջ հարցնում եմ, թե ինչ է նշանակում գյուղի անվանումը՝ Չխարոլան: Ժորան պատմում է․ «Թուրքերեն բառ է: Թուրքը որ էստեղից գնացել է, ասել է՝ էրթանք էստից, հել գնանք՝ «չխար օլա»: Չխարոլացիք, գաղթելով Էրզրումից, հաստատվել և դեռևս մնում են Չխարոլայում, բայց անտեսված ու մոռացված լինելու զգացումով:

Վերադարձից հետո նորից տարբեր լեզուներով ստուգում եմ Չխարոլա գյուղի մասին համացանցում առկա տեղեկությունները: Ակամա աչքս ընկնում է Չխարոլայի Wikipedia - ի վրացերենով գյուղի ազգային կազմին՝ ქართველები, այսինքն՝ վրացաբնակ:

Քրիստինե Աղալարյան

Ջավախք 2 Չխարուլա 6 Չիխարոլա 13 Չխարոլացի 3 Բալանթա 14 Էրզրում 1

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին