6 դեկտեմբերի 2016-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի:
Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով
Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգևոր կենտրոնում, ջերմությամբ վերհիշեց իր հայրապետական այցն Ախալքալաք: Հայրապետը անդրադարձ կատարեց միտրոպոլիտի նվիրյալ գործունեությանը և հաստատեց, որ այցի ընթացքում ականատեսն է դարձել հայ ու վրաց համայնքների և երկու Եկեղեցիների կառույցների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնցում կարևոր է Գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտի դերակատարությունը:
Խորին երախտագիտություն փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ միտրոպոլիտ Նիկոլոզն ուրախություն հայտնեց Հայաստան այցելելու համար: Հանդիպմանը խոսվեց երկու եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, անդրադարձ կատարվեց եկեղեցիների հոգևոր կրթական գործունեությանը, մասնավորապես եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը և հովվական ծառայությանը:
Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտը կարևորեց երկու ժողովուրդների միջև շփումների ու կապերի զարգացումը՝ ի նկատի ունենալով նաև ժողովուրդների միջև առկա պատմական ընդհանրություններն ու համանման ավանդույթները:
Միտրոպոլիտ Նիկոլոզն իր խոսքում ընդգծեց, որ ինքը ծառայում է Ախալքալաքում, որտեղ շրջանի բնակչության 97 տոկոսը հայեր են: Տարիների ընթացքում ինքը հասցրել է որոշ չափով ճանաչել տարածաշրջանի հայերի ավանդույթները, մշակույթը: Միտրոպոլիտը նշեց նաև, որ Վրաստանում լավ է ներկայացված Հայոց Եկեղեցին, ինչը չի կարելի ասել Հայաստանում Վրաց Ուղղափառ Եկեղեցու մասին: Իր այցը Հայաստան՝ միտրոպոլիտը կապեց հարևան երկրի մշակույթը, ավանդույթները, կենցաղը խորապես ճանաչելու կարևորության հետ:Տարիներ առաջ, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ախալքալաք կատարած իր հայրապետական այցի ժամանակ,միտրոպոլիտին հրավիրեց Հայաստան, Գերաշնորհ Նիկոլոզը սիրով այն ընդունեց:
Հընթացս հանդիպման խոսվեց նաև Վիրահայոց թեմի հոգևոր դասի հետ միտրոպոլիտի ունեցած ջերմ հարաբերությունների մասին: ԱրԺևորվեցին երկու ժողովուրդների պատմական աղերսները, ընդհանրությունները և ավանդույթները: Հիշատակվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացված «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր քաղաքի ավանդական Թբիլիսոբա տոնին: Գերաշնորհ միտրոպոլիտի հրավերով այդ ցուցահանդեսը կայացավ նաև Ախալքալաքում, դառնալով Ախալքալաքի և Էջմիածին քաղաքի համագործակցության սկիզբ: Ախալքալաք էր ժամանել նաև «Ոսկե ծիրան» կինո-փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվեցին հայ-վրացական ֆիլմեր, կարևորվեց մշակութային գործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: Զրույցը վերաբերեց նաև կազմակերպվող ուխտագնացություններին, հայ համայնքի հետ հանդիպումներին,մասնակցությունը հայկական ազգային տոներին և միջոցառումներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին գնահատելով Նիկոլոզ միտրոպոլիտի ջերմ վերաբերմունքը հանդեպ Հայ Եկեղեցին և Սամցխե-Ջավախքի հայությունը, Աստծու զորակցությունը մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայոց հոգևոր կենտրոնում հյուրընկալվելու օրերին, միտրոպոլիտը այցելեց Մատենադարան, թանգարաններ, հանդիպումներ ունեցավ Էջմիածնի քաղաքապետի, ՀՀ այլ պաշտոնյաների և տեղի նկարիչների հետ:
Մեկնաբանություններ