«Հայրենի Ջավախքը իր երևելի զավակներով միշտ զարդարել ու հարստացրել է մեր մշակույթը թե’ գիտության և թե’ արվեստի ու գրականության ասպարեզում: Ես, որպես ջավախցի, ուրախ և հպարտ եմ ... »
Կարպ Խաչվանքյան
Ժողովրդական և գուսանական երգիչ, երգահան «Ջավախքի ղողանջներ» համույթի գեղարվեստական ղեկավար և մենակատար Էդուարդ Թամարյանը 45 տարվա գործունեության ընթացքում թողել է մշակութային մեծ ժառանգություն և այժմ էլ շարունակում է հարստացնել արվեստի շտեմարանը: Ծնունդով Ջավախքից է, սակայն երաժշտական լուրջ գործուներությունը սկսել է Երևանում և այժմ էլ շարունմակում է համերգային շրջագայությունը ՀՀ տարածքում և արտերկրում:
–Պարոն Թամարյան, ե՞րբ սկսեցիք երգել և ի՞նչ ճանապարհ եք անցել ձեր գործունեության ընթացքում:
-Երգել սկսել եմ 4 տարեկանում, 10 տարեկանում հայրս ինձ տարավ գուսան Հավասու մոտ, վերջինս, լսելով ձայնս, մոտեցավ ինձ, շոյեց գլուխս և ասաց․ «Տղաս, խոստացիր, որ կշարունակես երգել, ապրես»: Այդ օրվանից ես սկսեցի երգել գուսան Շահենի երգչախմբում, մենք համերգային շրջակայություններ ունեցանք Հայաստանում, Ջավախքի տարբեր մասերում և Վրաստանի քաղաքներում: 8-րդ դասարանից մասնակցել եմ փառատոների և դարձել դափնեկիր: Այժմ հավաքում եմ գուսան Հավասու դեռ չերգված երգերը և ձայնագրում, կան արդեն յոթ CD ալբոմ, հինգ տեսահոլովակ:
–Պարոն Թամարյան, Դուք ծառայության ընթացքում ևս շարունակել եք երգել, մի փոքր պատմեք այդ մասին:
-1976-1978թթ․ ծառայել եմ խորհրդային բանակում: Ծառայության ժամանակ Ուրալի զինվորական շրջանում հիմնել եմ «Կովկասի ազգային անսամբլ» խումբը, որը արժանացավ բարձրաստիճան սպաների գովասանագրերին ու դիպլոմներին: Ծառայությունից հետո վերադարձա Երևան և մասնակցեցի «Երիտասարդ ձայներ» փառատոնին, դարձա դափնեկիր: Ինձ համար մեծ պատիվ էր արժանանալ գուսան Շահենի, Աշոտի, Իգիթի, Բագրատի և այլ կոմպոզիտորների գովասանագրերին: Մեկ տարի անց ընդգրկվեցի գուսան Շահենի խումբ և շուրջ 4 տարի երգեցի այնտեղ:
-Մինչև «Ջավախքի ղողանջներ» անսամբլի ստեղծումը Դուք ունեցել եք «Արևիկ» խումբը, ե՞րբ է այն ստեղծվել և ի՞նչ ճանապարհ է անցել։:
-1984-1990թթ․ Ծալկայի մշակութային տանը ստեղծվել էր «Արևիկ» ինքնագործ խումը: Նշեմ, որ այս տարիներին Ծալկայի մշակութային տանը գործել է նաև հունական երգի «Ակրոպոլիս» խումբը: Հետխորհրդային տարիներին, երբ հույները զանգվածաբար լքեցին Ծալկան, աստիճանաբար լռեց նաև հունական երգի ձայնը: Հայկական 13 գյուղերի հայությունը չլքեց իր պապենական հայրենիքը: Նրանք մինչ օրս հերոսաբար կառչած են իրենց հողին, սակայն 1990թ.- ից լռել է նաև «Արևիկը»:
–«Արևիկ» խմբին հաջորդեց արդեն ձեր հիմնադրած «Ջավախքի ղողանջներ» ժողովրդագուսանական անսամբլը, կպատմե՞ք Ձեր այժմյան խմբի գործունեության և հետագա պլանների մասին:
-2005թ․ ստեղծվեց «Ջավախքի ղողանջներ» համույթը: Նշեմ, որ խմբի անդամները Երևանից են, սակայն ես հույս ունեմ, որ շուտով այն կհամալրվի ջավախցի տաղանդավոր երիտասարդներով: Համույթի ստեղծմանը մեծապես աջակցել է Երևանում գործող «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միությունը։: «Ջավախքի ղողանջները» համույթով հետագա տարիներին մի քանի տասնյակ համերգներով հանդես ենք եկել Երևանում և ՀՀ տարբեր մարզերում: Ինչպես նաև ՌԴ տարածաշրջանում բազմաթվ համերգներ ենք ունեցել մեր հայ համայնքի համար:
–Խոսեմք Ձեր հետագա գործունեության մասին:
-Իմ նպատակն է «Ջավախքի ղողանջների» միջոցով կամրջել հայության բնօրրան Ջավախք տարածաշրջանը Մայր պետության՝ ՀՀ-ի հետ։ Ներկա պայմաններում, երբ վրաց պետական քաղաքականությունը, մեկուսացվածության մեջ պահելով Ջավախքի հայությանը, պարտադրելով վրացական լեզուն ու մշակույթը, ձգտում է ամեն գնով վրացականացնել Ջավախքը, յուրաքանչյուր մշակութային գործչի գործունեությունը՝ ուղղված Ջավախքի վերարթնացմանը, կարելի է համարել հերոսական գործ:
Աստղիկ Այվազյան՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
5-րդ կուրս
Մեկնաբանություններ