ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ջավախքցի «Կոբրան»

Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի

հովիվ Կիմոն գլուխ է գովացել, որ 25 տարվա հովիվ է ու իր հոտից դեռ ոչ մի ոչխար չի պակասել:

Նույնիսկ գայլն իր ոչխարներից չի կարողացել տանել: Ջավախքցի Միշան էլ հետը գրազ է եկել, որ ինքը մի օր այնպես տանի, որ հովիվը նույնիսկ այդ մասին չիմանա:

Օրերից մի օր, խնջույքներից մեկի ժամանակ, երբ խորովածի միսը քչություն է արել, Միշան որդուն վերցրել ու գնացել է տնից: Մի քանի ժամ հետո ոչխարը շալակին տուն է վերադարձել: Ոչխարը մորթել, միսը եփել են, կնոջը՝ տիկին Մանուշակին հրահանգել է՝ մի աման այդ մսից լցնի, որպեսզի տանի իրենց հովիվ Կիմոյին տա: Տվել է հովվին և ասել. «Հալալ մալիդ պես կեր, իրիկունն էլ ոչխարներդ կհաշվես»:

Իհարկե, Միշան

հետո հովվի գումարը փոխհատուցել է,

բայց նաև ապացուցել է, որ 25 տարվա հովվի մոտից էլ կարող են աննկատ ոչխար գողանալ: Երկու տարի առաջ հովիվ Կիմոն մահացել է, բայց մինչև մահը պատմել է ճարպիկ Միշայի՝ իր հոտից աննկատ ոչխարը գողանալու պատմությունը:

«Իմ մոտից գայլը ոչխար չէր կարողանում գողանալ, բայց էդպես էլ չիմացա, թե Միշան ոնց տարավ ոչխարս», - ասել է նա:

Ջավախքցի Միշան Արցախյան ազատամարտում զոհված նույն Միքայել Ավագյանն է, որի արձանի բացումն իր հարազատ Բուղաշենում վերջին ամսում մեծ աղմուկ է բարձրացրել:

Մարտի 6-ին կլրանա Միքայել Ավագյանի մահվան 25 տարին: Նա Մեղրիի հետախուզական ջոկատի հրամանատար էր, ավագ լեյտենանտ:

Միքայել Ավագյանի այրին՝ 58-ամյա Մանուշակ Ավագյանն ու որդու ընտանիքն այժմ ապրում են Արարատ քաղաքում: Ավագյանների երեք դուստրերն էլ ամուսնացած են Արարատում և հարակից գյուղերում:

Ամուսնու մահից 25 տարի անց տիկին Մանուշակը սևազգեստ է մեզ դիմավորում: Հիշողություններն ամուսնու մասին խառնվում են տիկին Մանուշակի պատմություններում: Չգիտի՝ ինչից սկսի և ինչի մասին առավել մանրամասն պատմի՝ ամուսնու հումորի, կայտառության, ֆիզիկական ուժի, կամային հատկանիշների, խիզախությունների, Արցախյան պատերազմի, թե՞ նրա ձեռքով պատրաստված իրերի:

Մեկ ուրախ դրվագներ են գալիս աչքի առաջ, մի պահ վերադառնում է այդ օրեր ու աչքերը սկսում են փայլել, հետո ակնթարթորեն ամուսնու զոհվելու դրվագները խամրեցնում են դեմքը՝ աչքերի փայլը վերածվում է չհոսած արցունքների զսպաշապիկի: Մի կերպ դասավորում է մտքերը, երբ խնդրում ենք նրան սկսել պատմությունը ծննդյան օրվանից:

Կռվարար Միքայելից՝

կարգապահ զինվորական

Միքայել Ավագյանը ծնվել է 1957թ. ապրիլի 19 - ին Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում: Սովորական գյուղացու կյանքով ապրող Ավագյանների ընտանիքը բազմազավակ է եղել՝ 3 եղբայր և 2 քույր: Միքայելի մանկությունն անցել է Բուղաշենում: Աշխույժ, կռվարար երեխա է եղել: Մինչև 8-րդ դասարան սովորել է Բուղաշենի դպրոցում, այնուհետև, քանի որ գյուղի դպրոցն 8-ամյա է եղել, տեղափոխվել է Հրազդան՝ ուսումը շարունակելու: Խառատի մասնագիտություն է սովորել Հրազդանի թիվ 29 պրոֆտեխուսումնարանում (այժմյան՝ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան): Հետո զորակոչվել է ԽՍՀՄ բանակ: Բանակից անմիջապես հետո, քանի որ Միքայելի մայրական կողմը Սուխումից էին և այնտեղ բարեկամներ ուներ, նա աշխատանքի է տեղավորվել Սուխումի ոստիկանությունում և ծառայել 2 տարի՝ 1978 - 80թթ.:

Դրանից հետո Միքայելը մեկնել է Ռուսաստան: Զինվորական ուսումնառություն է ստացել Ուֆայում և զինվորական ծառայության անցել ՌԴ-ում` վերջնականապես հաստատվելով Սվերդլովսկում: Սառնակունքցի ծառայակցի միջնորդությամբ նամակագրական կապ է հաստատվել Միքայելի և Սառնակունք գյուղում ապրող Մանուշակի հետ: Շուտով Միքայելը եկել է Սառնակունք, անձամբ ծանոթացել Մանուշակի հետ, ամուսնացել են և 1987թ. միասին մեկնել բնակվելու Սվերդլովսկում: Սակայն 1988թ. երկրաշարժը և դրանից հետո Հայաստանում կատարվող իրադարձությունները հանգիստ չեն տվել Միքայելին:

«Ինքն ասում էր՝ հայը պետք է ապրի Հայաստանում, ես պետք է գնամ Հայաստան: Չնայած ես համաձայն չէի, բայց տեղափոխվեցինք», - պատմում է տիկին Մանուշակը:

1990 - ին Միքայելն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Սառնակունք: Գուղում խառատություն է արել, «Հայգազարդի» Գորիսի մասնաճյուղում օպերատոր է աշխատել, տեխնիկա է վերանորոգել և ձեռքի տարբեր գործեր արել: 1992 - ից կամավոր միացել է Արցախյան շարժմանը:

«Արդեն որ Ղարաբաղում պատերազմ էր, էդ ժամանակ էլ Սիսիանի ջոկատի տղաները՝ 8-9 հոգի զոհվել էին, էդ օրվանից իր տեղը չէր գտնում և ասաց, որ ճակատ է գնում: Ասաց՝ կուզես երեխեքի հետ մնա, ես կգնամ - կգամ, եթե չէ, ինձ աշխատանքի են նշանակել Մեղրի: Ես իրեն, իհարկե, մենակ չէի թողնելու, և տեղափոխվեցինք Մեղրի», - հիշում է տիկին Մանուշակը:

1993թ. հունիսի 12 - ին Սառնակունքից Միքայելն ու ընտանիքը տեղափոխվել են Մեղրի՝ Լիճքի զորամաս: Տիկին Մանուշակը սկսել է քիմիա և կենսաբանություն դասավանդել Լիճքի դպրոցում, իսկ ամուսինը՝ ղեկավարել Մեղրիի հետախուզական ջոկատը:

Միքայելի որդին՝ 35 - ամյա Հայկը հոր հետ մշտապես զորամասերում է եղել, 7 տարեկանից զինվորների հետ հավասար մասնակցել նրանց պարապմունքներին ու զորավարժություններին: Հայրը թե զորամասում, թե ընտանիքում խիստ կարգապահ է եղել, իսկ կարգապահությունը խախտողներին հավասարապես պատժել է:

Զինվորների մեկուսարանը՝ «կուբախտը» Ավագյանների բնակարանի դիմաց է եղել: Տիկին Մանուշակը, որդու միջոցով մի օր ամուսնուց թաքուն փորձել է տաք թեյ և հաց ուղարկել պատժված զինվորներին: Սակայն հենց այդ պահին հայրը «բռնեցրել» է հագուստի տակ հաց և թեյ թաքցրած որդուն, մեկուսարանի խցից զինվորներին հանել, փոխարենը կես օր որդուն է մտցրել այնտեղ:

Խիստ կարգապահ էր, բայց նաև շատ է սիրել իր զինվորներին: Տիկին Մանուշակը հիշում է, որ մի օր զինվորներին 50 գրամ պակաս հաց էին տվել, Միքայելը փաթաթել է հացի կտորը և պատրաստվել Երևան գնալու՝ Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ կռիվ անելու, սակայն մի կերպ նրան համոզել և հետ են պահել:

«Ասում էր՝ զինվորը կռիվ է գնում, աչքիս առաջ զոհվում է, մի կտոր կուշտ հաց չուտի՞», - հիշում է տիկին Մանուշակը:

Ջավախքցի «Կոբրան»

հանգրվանեց Սառնակունքում

Միքայելի ազդականչը «Կոբրա» է եղել: Հակառակորդն այդ ժամանակ «Կոբրայի» գլխագին է սահմանել: Մասնակցել է Ֆիզուլիի, Քարվաճառի, Հադրութի, Հորադիզի , Կուբալթիի և Զանգելանի ուղղությամբ իրականացվող մարտական գործողություններին:

Զոհվելու նախօրեին, մարտի 5 - ին, ամենայն հավանականությամբ իմանալով հաջորդ օրվա վտնագավոր անելիքների ու սպասվող գործողությունների մասին, Միքայելը հավաքել է բոլոր ծանոթ - բարեկամներին, սեղան են գցել, խնջույքի վերածել հանդիպումը, կերուխում են արել, երգել, պարել ու ուրախացել են: Տիկին Մանուշակն ասում է՝ կարծես գիտակցաբար բոլորին հրաժեշտ էր տալիս:

1994թ. մարտի 6 - ին՝ Հորադիզի կամրջի գրավման թեժ մարտերի ժամանակ, Միքայելն իր խմբով հետախուզության է գնացել: 7 դիրքեր են գրավել, սակայն մառախուղի հետևանքով հայտնվել են շրջափակման մեջ: 6 ժամ մարտի են բռնվել հակառակորդի հետ, բայց հրետանին ուշացել է: Միքայելին խոցել է հակառակորդի դիպուկահարը: Մինչ այդ, նա իր զրահաբաճկոնը հանել է իր հագից և տվել զինվորներից մեկին: Երբ հրետանին ավելի ուշ գործի է անցել, կենդանի են եղել վիրավորված Միքայելն ու մեկ զինվոր, ով իր մարմնով ծածկել է վիրավոր հրամանատարին:

Շրջափակումից դուրս հանելուց հետո Միքայելին հիվանդանոց են հասցրել, բայց արդեն արյունաքամ էր եղել: Բժիշկներին, 6 օր պայքարից հետո, չի հաջողվել փրկել Միքայելի կյանքը: Նա զոհվեց՝ 37 տարեկան չդարձած:

Հրամանատարին ծածկող տղան ևս վիրավորվել է, հետագայում մեկնել է Ֆրանսիա՝ բուժվելու, բայց հետո նունպես մահացել է: Հենց նա էլ տիկին Մանուշակին պատմել է այդ օրվա մարտի մանրամասները: «Միքայելն ասել է՝ տղերք, չվախենաք: Ասում էր՝ ոտքերս ճահճի մեջ նստել էինք, որ թուրքը մեզ չտեսներ… չգիտեմ ինչ ասեմ, եսիմ ... », - հուզված ընդհատում է պատմությունը տիկին Մանուշակը:

«Միքայելն էդ տղուն ասել էր, որ ինձ կտանեք Ախալքալաք (հուղարկավորելու - հեղ.), բայց էդ տղան չէր հասկացել կամ լավ չէր հիշել անունը ու ասում էր, որ Միքայելն ասել է՝ իրեն Ղարաքիլիսա տանեն: Այ մարդ, ասում եմ, Ղարաքիլիսան որն է, ինչի՞ Ղարաքիլիսա: Հետո եմ հասկացել, որ երևի Ախալքալաք է ասել, էդ տղան չէր հասկացել», - հիշում է տիկին Մանուշակը:

Սառնակունքի հուշարձանի հարևանությամբ է հուղարկավորված Միքայել Ավագյանը: Չնայած նրա ծնողները ցանկացել են, որ իրենց որդու աճյունը ծննդավայր Բուղաշենում լինի, որտեղ նաև ապրել են իրենք, այդուհանդրեձ, Պաշտպանության նախարարության և Սառնակունքի գյուղապետի հորդորով «իրենց հերոսին իրենց հողում» են հուղարկավորել:

Յուրաքանչյուր սառնակունքցու տան Միքայելից հիշատակ որևէ բան կա՝ մեկի լվացքի մեքենան էր սարքել, մյուսի՝ կարի մեքենան, երրորդին՝ մեկ այլ իր:

Ընտանիքի տեղափոխվելուց հետո գերեզմանի խնամքը Սառնակունքի դպրոցն է վերցրել իր վրա: Ամեն տարի մայիսի 9 - ին ընտանիքն այցելում է գյուղ: Միշտ խնամված, ծաղիկներով լեցուն գերեզման են տեսնում: Իսկ նրա գրաված դիրքերից մեկը Հորադիզում իր անվամբ՝ Մշկո է կոչվում (Միքայելին ծառայակիցները Միշա են անվանել - հեղ):

Հետմահու Միքայելին արիության մեդալ են շնորհել:

Միքայելի կինն ու 4 մանկահասակ երեխաները 8 տարի բնակարանի են սպասել:

Չորս երեխա են ունեցել Միքայել և Մանուշակ Ավագյանները, երեք դուստր և մեկ որդի: Ավագը Քրիստինեն է, հաջորդում են Հայկը, Աքսաննան և Շնորհիկը: Փոքր դստերը մոր անունով է կոչել՝ Շնորհիկ, ով 1,7 տարեկան է եղել Միքայելի մահվան ժամանակ: «Տանջանքով՝ առանց տուն, առանց բուն մեծացանք: 8 տարի անընդհատ ուր ասես չեմ դիմել՝ էլ նախարարություն, էլ վարչություն, ինձ էնպես էին արխայնացնում՝ գնա, հենց գնաս, տունդ տալու են», - պատմում է տիկին Մանուշակը:

4 երեխային միայնակ ու դժվարություններով ոտքի է հանել, մինչև որ 2002թ. - ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Սառնակունք և գյուղում հանդիպել տիկին Մանուշակին: Տիկին Մանուշակը ներկայացրել է իր վիճակը, և Քոչարյանի հրահանգով նրանց բնակարանով ապահովելու համար գումար են հատկացրել: Այն բավարարել է Արարատ քաղաքում բնակարան ձեռք բերելուն: Որդին՝ Հայկն այդ ժամանակ արդեն զորակոչված էր բանակ:

«Էլ փուռ եմ աշխատել, էլ պահածոների գործարան, էլ ջերմատներ. որտեղ աշխատանք եղել է՝ աշխատել եմ, միայն թե երեխեքիս նորմալ պահեի: Փառք Աստծո՝ ոչ ոստիկանություն են ընկել, ոչ հիվանդանոց: Ամուսնացրել եմ բոլորին էլ», - ասում է տիկին Մանուշակը:

Հայկն այժմ շատ է օգնում ընտանիքին, արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա, և դրա շնորհիվ այս տարի կարողացել են փոքր - ինչ տեսքի բերել բնակարանը:

Տիկին Մանուշակը հիմա 12 թոռ ունի, 13 - րդին էլ սպասում է: Հայկի 10 - ամյա տղային անվանակոչել են պապի անունով:

«Նույն խելառն է, - թոռանը բնութագրում է տատը, - հիմա կառատեի է գնում, ծանրամարտի է գնում, ասում է՝ ես պապիս նման պիտի դառնամ»:

Հետախույզը զոհվելուց

25 տարի անց անհանգստացնում է հակառակորդին

Ծննդավայր Բուղաշենում Միքայելի նոր արձանը տեղադրելու գաղափարը և իրականացման «պատասխանատուն» նրա հորեղբոր թոռանն է՝ Գագիկ Ավագյանին: Նրա միջոցներով է պատրաստվել Միքայելի կիսանդրին: Արձանին հարակից պուրակ ու երեխաների խաղահրապարակ է կառուցվել: Միքայելը սպորտի մեծ սիրահար էր: Նրա երեզանքը եղել է ծննդավայր Բուղաշենում սպորտդպրոց կառուցել: Գագիկ Ավագյանը եկող տարի էլ խոստացել է Միքայելի երազանքն իրականացնել՝ սպորտդպրոց կառուցել գյուղի երիտասարդների համար:

1995թ. Միքայելի պատվին առաջին արձանն արդեն տեղադրվել էր Բուղաշենում: Այն ժամանակ որևէ աղմուկ չէր եղել: Տիկին Մանուշակը զարմանում է, որ այս անգամ նույն մարդու արձանը նման աղմուկ է բարձրացրել: Կարծում է, որ կիսանդրին ընդամենը առիթ է ադրբեջանցիների համար հայ - վրացական հարաբերությունները սրելու նպատակով:

«Միևնույն է, ոչ մի բան չեն կարող անել, մենք միշտ բարեկամ ժողովուրդ ենք եղել»,- ասում է տիկին Մանուշակը:

Միքայելի քույրերն ու եղբայրները Ռուսաստանի Դաշնությունում են՝ Ադլերում, հորեղբոր տղաները՝ Սիկտիֆկարում են ապրում, բայց աշխատում են Ղրիմում: Չնայած յուրքանչյուր ամսվա վերջում Միքայելն այցելել է ծնողներին՝ Բուղաշեն, գյուղի ընկերներին, բայց նրա մահվանից հետո Միքայելի հարազատների և ընտանիքի հետ կապն ընդհատվել է: Ընտանիքն իրեն միայնակ է զգացել: Տիկին Մանուշակը խոստովանում է, որ այս օրերին իր համար շատ բան է փոխվել:

«Եվ հուզված եմ, և հպարտ եմ: Բոլոր տեղերից զանգում են ինձ: Մինչ այս արձանը՝ մենք գիտեինք, թե մենակ ենք, Միքայելի հարազատներից ոչ մեկը մեր կողքին չէ: Բայց հիմա զգում եմ, կարծես՝ Միքայելը նոր է զոհվել, շատ բարեկամություն ու հարազատներ ունի, ուղղակի հնարավորություն չեն ունեցել մեզ հետ շփվելու», - ասում է տիկին Մանուշակը և հպարատանում, որ Ջավախքից էլ զանգում են ջահելները և ասում, որ 24 - ժամյա ռեժիմով հսկում են ամուսնու արձանը, որ որևէ վտանգ չսպառնա:

«Միքայելի ամեն ինչն է էդպես եղել», - ասում է տիկին Մանուշակը: Նա նկատի ունի, որ Միքայելի կյանքում ամեն ինչ բուռն է եղել, լի մարտերով, աղմուկով ու թոհուբոհով: Եվ այժմ էլ նրա արձանն է նման խառնաշփոթ առաջացրել:

Ադրբեջանական համայնքը Վրաստանում արձանի տեղադրումից հետո ակտիվացել է և պահանջում է այն ապամոնտաժել: Բողոքի ակցիաներ են անցկացվում Վրաստանի խորհրդարանի դիմաց, ադրբեջանցի պատգամավորները ելույթներ են ունենում Վրաստանի խորհրդարանում:

Շահարկվում է Միքայել Ավագյանի՝ աբխազական պատերազմում կռվելու մասին ադրբեջանական կողմից շրջանառության մեջ դրված լուրերը: Սակայն տիկին Մանուշակը ցույց է տալիս Միքայելի աշխատանքային գրքույկը և պատմում, որ նա 1978 - 80թթ. է այնտեղ աշխատել որպես շարքային ոստիկան (աշխատել է պահակային ծառայությունում) և առնչություն չի ունեցել այդ պատերազմին: Եվ ադրբեջանական կողմն այդ լուրերով փորձում է սեպ խրել հայ - վրացական հարաբերություններում:

Դրան հակակշիռ Վրաստանի հայերը սկսեցին պահանջել Մառնեուլում տեղադրված Ջ. Սաֆարովի արձանի ապամոնտաժումը: Վրացական իշխանություններն առայժմ չեզոքություն և լռություն են պահպանում՝, ըստ ամենայնի, այդպիսով փորձելով հանդարտեցնել ստեղծված իրավիճակը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝

Հակոբ Պողոսյանի։

Քրիստինե Աղալարյան

Ջավախք 7 Ախալքալաք 3 Բուղաշեն 9 «Կոբրան» 4 Արցախ 4 Արիության մեդալ 1 Արարատ քաղաք 2 Սառնակունք 12