Նինոծմինդայից Հայաստանի սահման եկող ճանապարհը դեռ կառուցված չէ,
կապալառուն խոստանում է հանձնել այն մինչև սեպտեմբերի վերջ, բնակչության մի մասը չի հավատում դրան։
Նինոծմինդայից Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը լիովին կկառուցվի և շահագործման կհանձնվի հոկտեմբերին։
Այդ մասին «Sputnik Արմենիայի» թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, որին Rustavi 2 հեռուստաալիքը մեղադրել է «Սակմիլսադենմշենի» ընկերության շահերն անուղղակիորեն պաշտպանելու մեջ. այս ընկերությունը հաղթել է ճանապարհի շինարարության մրցույթը։
Ավելի վաղ Rustavi 2–ը նորությունների հերթական թողարկման մեջ սյուժե էր պատրաստել ճանապարհի շինարարության մասին։
Ռեպորտաժում խոսվում էր, որ Նինոծմինդայից Հայաստանի սահման եկող ճանապարհը սարսափելի վիճակում է։ Շինարարության համար 15–միլիոնանոց մրցույթում հաղթած ընկերությունն այդ ընթացքում կառուցել է ընդամենը 2–կիլոմետրանոց հատված։
Միաժամանակ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 22 կիլոմետր։ Շինարարները խնդիրների մասին հղում են անում վատ եղանակի վրա, սակայն պատրաստվում են այն շահագործման հանձնել արդեն հոկտեմբերին։
«Ճանապարհի 22–կիլոմետրանոց հատվածը լիովին քանդված է, նույնիսկ ասֆալտ չկա։ Վարորդները ճանապարհի վրա ծախսում են երկուսուկես ժամ, սակայն այն տարածությունը կարելի է անցնել 30 րոպեում», – ասվում է ռեպորտաժում։
Միաժամանակ նշվում է, որ «Սակմիլսադենմշենի» ընկերությունը համագործակցում է մեկ այլ ընկերության` «Ջավախքավտոյի» հետ։ Վերջինը պատկանում է պատգամավոր Մկոյանի ընկերոջը։ Բացի այդ, Rustavi 2–ի տեղեկությունների համաձայն, մրցույթում հաղթած ընկերությունները շինանյութեր և վառելիք են գնում Մկոյանի ընտանիքին պատկանող կետերից։
Եթե ճանապարհը ժամանակին չկառուցվի,
վարորդները սպառնում են փակել այն և բողոքի ակցիա կազմակերպել։
Մկոյանը չի հերքում, որ բարեկամական հարաբերությունների մեջ է «Ջավախքավտո» ընկերության սեփականատիրոջ հետ, սակայն կտրականապես հերքում է լուրերն այն մասին, որ նյութերը գնում են իր ազգականներից։
«Ենթադրենք, որ նա իմ ընկերն է։ Ի՞նչ է, նա իրավունք չունի, թե ես իրավունք չունեմ ընկերություն անել նրա հետ։ Նա իմ ընկերն է, բայց մրցույթում հաղթել է Քութայիսիի ընկերությունը», – ասաց Մկոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նա հերթական անգամ հավաստիացրեց, որ Նինոծմինդայից Հայաստանի սահման բերող միջպետական ճանապարհը լիովին կկառուցվի և շահագործման կհանձնվի հոկտեմբերին։
Rustavi 2–ի սյուժեն չի զարմացրել նրան։ Մկոյանի կարծիքով` այն որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում. մասնավորապես, վարկաբեկել իշխող կուսակցությանը, որի անդամ է Մկոյանը։
«Ինձ հետ դեռ նորմալ են վարվում, տեսեք թե, ինչ կեղտ են լցնում «Վրացական երազանքի» ղեկավարների վրա։ Իսկ ես նույն կուսակցությունից եմ, և դրանով ամեն ինչ ասված է»,
– եզրափակեց Մկոյանը։
Նշենք, որ մայիսի 1–ին ճանապարհի շինարարության հետ ծանոթացել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի փոխնախարար Իրակլի Կարսելաձեն։
Նա նաև նշել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետից շուտ, սակայն այլ ամսաթիվ է նշել` 2019թ–ի սեպտեմբերը։
Աղբյուրը`
https://armeniasputnik.am
Մեկնաբանություններ