ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ջավախքում մեկնարկեց «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» գիտաժողովը

Սեպտեմբերի 15-16-ին Ախալքալաքում

տեղի է ունեցավ «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» գիտաժողովը, որի նպատակն է լուսաբանել Հայաստանի, Վրաստանի, ողջ տարածաշրջանի պատմությունը վերջին հարյուրամյակի խորապատկերի վրա (այս տարի լրացավ անդրկովկասկան հանրապետությունների անկախության հռչակման մեկ տարին):

Գիտաժողովը կազմակերպել է Սամցխե - Ջավախքի և Քվեմո - Քարթլի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, աջակցությամբ Թբիլիսիի Պետական Համալսարանի Պատմության ինստիտուտի, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության:

Առաջին միջոցառումը տեղի ունեցավ Նինոծմինդա քաղաքում, որտեղ Հայոս - Քարթլոս զբոսայգում կայացավ գիտաժողովի մասնակիցների հանդիպումը: Հայաստանից և Վրաստանից ժամանած գիտնականները Հայոսի ու Քարթլոսի հուշարձանի մոտ լուսանկարվելուց հետո մեկնեցին Ախալքալաք՝ բացելու գիտաժողովի աշխատանքը:

Ներկայացված ելույթները վերաբերվում են ինչպես հին աշխարհի պատմությանը, այնպես էլ միջնադարին, նոր և նորագույն պատմությանը: Հիմնական շեշտադրությունը դրված է 1918 թվականի իրադարձությունների վրա ներառյալ թուրքական արշավանքը Անդրկովկաս, Անդրկովկասյան Սեյմի և երեք հանրապետությունների ստեղծումը:

Գիտաժողովին իր մասնակցությունն են բերել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Գիա Կոպաձեն, Ախալցխայի և Ասպինձայի շրջանային ժողովների պատգամավորներ և շրջանային վարչությունների ներկայացուցիչներ, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության ակադեմիական պատմագիտության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ջեիաշվիլին և Երևանի պետական համալասարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Էդիկ Մինասյանը մասնակցելով գիտաժողովին, բարձր են գնահատել նրա դերը որպես համատեղ նախագծերի վրա աշխատանքի, դիմացինի կարծիքը լսելու կարևոր հնարավորություն:

Դիմելով Գիտաժողովին Սամցխե - Ջավախքի և Քվեմո - Քարթլի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդի նախագահ Արտակ Գաբրիելյանը նշեց.

Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյան, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Գիա Կոպաձե, Ախալցխայի և Ասպինձայի շրջանային ժողովների պատգամավորներ և շրջանային վարչությունների ներկայացուցիչներ, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության ակադեմիական պատմագիտության պատվարժան ներկայացուցիչներ, գիտաժողովին մասնակից հյուրեր, լրագրողներ:

2018 թ. մայիսին երկու պետություններում` Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում մեծ շուքով նշվեցին իրենց պատմության մեջ առաջին հանրապետությունների հռչակման հարյուրամյա տարեդարձները. մայիսի 26-ին տոն էր Վրաստանում, մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետությունում: Ցավոք, ինչպես Վրաստանի դեմոկրատական հանրապետության, այնպես էլ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը շատ կարճ տևեց` ընդամենը երկուսուկես տարի: Վրաստանն այս ընթացքում անգամ հասցրեց գումարել սահմանադիր ժողով և մինչ 1921 թ. փետրվարյան իրադարձությունները, այն է` Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումը, Վրաստանի երիտասարդ հանրապետությունն ունեցավ իր սահմանադրությունը, որն էլ դրվեց 1991 թ. ապրիլի 9-ին հռչակված Վրաստանի նորանկախ հանրապետության հիմքում:

Հայաստանի Հանրապետությունում իրերը մի փոքր այլ կերպ դասավորվեցին. թուրք - բոլշևիկյան ակտիվ ճնշումների կամ, Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի պատկերավոր խոսքով ասված` թրքական սալի և բոլշևիկյան մուրճի արանքում սեղմված Հայաստանում խորհրդային կարգերը մի փոքր շուտ հաստատվեցին, ինչի արդյունքում Հայաստանում այդպես էլ չգումարվեց սահմանադիր ժողովը:

1918 թ. մայիսը երկու երկրների համար նշանավորվում է նաև Վրաստանի և Հայաստանի նվաճման միջոցով իրենց արևելյան եղբայրներին` Այսրկովկասի թաթարներին միանալու մղումով կազմակերպված թուրքական արշավանքների իրողությամբ, և նույն ամսի տարբեր օրերին հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ - Ապարանում, Ղարաքիլիսայում, իսկ վրաց ժողովուրդը, իր կողքին ունենալով Ախալցխայի և Ախալքալաքի գավառների հայ քաջարի ազգաբնակչությանը, կենաց և մահու պայքար էր մղում Ախալցխայի գավառի տարբեր հատվածներում, Այսօրվա Ադիգենի և Ասպինձայի շրջաններում և այլուր: Փաստենք, որ հենց այդ օրերին էլ գրվեցին հայ-վրացական զինական համագործակցության ամենավառ էջերը, որոնցից են Ախալցխայի վեցամսյա ինքնապաշտպանությունը, վրացաբնակ Մուսխ գյուղի ազատագրումը և գերեվարված կանանց ու երեխաներին ազատ արձակումը և այլն:

Ընդհանրացնելով` փաստենք, որ հայ և վրացի ժողովուրդները մայիսյան մաքառումներով մեկընդմիշտ կանգնեցրին թշնամու զորաբանակների երթը, կանոնավոր բանակ, որի տարբեր զորախմբերը սրընթաց կերպով շարժվում էին մեր սրտերի` Թբիլիսիի և Երևանի ուղղություններով: Ավելին` ստեղծելով իրենց առաջին հանրապետությունները, վրացի և հայ ժողովուրդները ապացուցեցին, որ իրենք են տերը այս հողի, այս տարածաշրջանի, որի վրա հազարավոր տարիներ ստեղծվել են համաշխարհային քաղաքակրթության գանձարանի մասը դարձած վրաց և հայոց մշակույթները:

Պատվարժան հյուրեր, գիտաժողովի հարգելի մասնակիցներ,

Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր` 21-րդ դարի նոր իրողությունների պայմաններում, կրկին համընդհանուր են հայ և վրաց ժողովուրդների, Վրաստանի և Հայաստանի նորանկախ հանրապետությունների խնդիրները, մարտահրավերները, համընդհանուր են ինչպես մեր հաջողությունները, այնպես էլ ցավը: Ես հույս ունեմ, որ այս օրը հիշարժան կդառնա ինչպես հարյուր տարի առաջ տեղի ունեցածը արժևորելով, այնպես էլ այդ հենքի վրա գալիք սերունդներին պատգամներ հղելու առումով:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների Խորհուրդն իր ստեղծման օրվանից` 2003 թ., մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ինչպես Սամցխե - Ջավախքում առկա խնդիրները, այնպես էլ Վրաստան - Հայաստանի Հանրապետություն բազմաոլորտ հարաբերություններին առնչվող հարցերը, ձգտում իր գործունեությամբ առավել ամրապնդել երկու պետությունների հարաբերությունները, դրական ազդակներ հաղորդել նաև երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին: Այսօրվա գիտաժողովի կազմակերպումը ևս այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերից մեկն է: Հավելենք նաև, որ գիտաժողովի կազմակերպմանն իր աջակցությունն է բերել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գործող, տասնամյակներ շարունակ աշխարհի մի շարք երկրներում կրթամշակութային գործունեություն ծավալող Համազգային Հայ Կրթամշակութային Միությունը, որին հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Սամցխե - Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների Խորհրդի անունից ողջունում եմ բոլորիդ գալուստը Ախալքալաք, մաղթում հաճելի աշխատանքային օր: Կասկած չունեմ, որ Սամցխե - Ջավախքում ապրող վրացի և հայ հասարակության միջև առկա փոխադարձ հարգանքը առկա է նաև այստեղ` այս դահլիճի պատերի ներսում: Մենք ամենևին էլ չենք բացառում, որ երկու հարևանների պատմաբանները պատմական մի շարք հարցերի վերաբերյալ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, և դա է բնականը: Պատկերը միևնույն գույնով ներկելը այն կդարձնի անհրապույր և անարժեք: Բայց պատմական նաև կնճռոտ հարցերի քննումը պետք է իրականացվի այն գիտակցությամբ, որ այս դահլիճից քիչ հեռու իրար հետ առևտուր են անում, նույն վայրից քիչ հեռու միասին բերք են աճեցնում, ավելի հեռու` միասին իրենց զինվորական ծառայությունն են անցկացնում, դպրոցներում և համալսարաններում միևնույն նստարանին նստած իրենց կրթությունն են ստանում, օլիմպիոսում միասին Վրաստանի և Հայաստանի հաղթական դրոշն են ծածանում ազգությամբ վրացի և հայ մեր եղբայրները:

Մեր պատվարաժան գիտնականներ, դուք երկու քաղաքակրթություններն առաջնորդող ուժն եք, ձեզանից է կախված այդ քաղաքակրթությունների ապագան: Ձեզանից է կախված նաև այդ երկու քաղաքակրթությունների համատեղ և փոխկապակցված ընթացքը: Սամցխե-Ջավախքը մենք համարել ենք վրաց - հայկական բարեկամության կամուրջ: Կասկած չունենք, որ այսօրը ևս մեկ հաստատուն կամար կավելացնի այդ կամրջի տակ` հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր սերունդների:

Բարի երթ մեր այս գեղեցիկ նախաձեռնությանը, բարի գալուստ ձեր հարազատ օջախ:

Հ.Գ. Արտակ Գաբրիելյանը ցավով արձանագրեց,

որ գիտաժողովի բացմանը հրավիրվել, սակայն չէին ներկայացել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային ժողովների և շրջանային վարչությունների ղեկավարները:

Ջավախք Մեդիա

Ախալքալաք - Երևան
Ջավախք 8 Ախալքալաք 5 Նինոծմինդա 2 Աշոտ Մելքոնյան 1 Արտակ Գաբրիելյան 2 Վիրահայոց թեմի առաջնորդ 2 Սամցխե-Ջավախք 7 Պատմության ինստիտուտ 3