ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

«Ջաւախքի Գոյութիւնը Երաշխաւորում Է Հայաստանի Անվտանգութիւնը. Եւ Այդ Առումով, Ջաւախահայութեան Խնդիրները Համահայկական Են»

2001-ին ՀՕՄ-ի հիմը դրաւ «Ջաւախք» հիմնադրամին` նպատակ ունենալով տարբեր ձեւերով եւ կարելիութեան սահմաններուն մէջ օժանդակել Ջաւախքի մեր հայրենակիցներուն: Շուրջ 15 տարիէ գործունէութիւն ծաւալած այդ հիմնադրամին ու անոր հեռանկարներուն մասին մանրամասն տեղեկութիւն ունենալու նպատակով կայացած է հետեւեալ հարցազրոյցը ՀՕՄ-ի «Ջաւախք» յանձնախումբի ատենապետ Լենա Պօզոյեանի հետ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ե՞րբ եւ ի՞նչ նպատակներով են ստեղծուել ՀՕՄ-ի «Ջաւախք» հիմնադրամն ու յանձնախումբը:

  ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- Հայ օգնութեան միութիւնը (ՀՕՄ) 2001 թուականին հիմնեց «Ջաւախք» հիմնադրամի ծրագիրը, եւ ՀՕՄ-ի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը հիմնադրեց «Ջաւախք» հիմնադրամի յանձնախումբը` ջաւախահայութեան տնտեսական, ընկերային վիճակը բարելաւելու, հայերի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող մեր պատմական տարածքից արտագաղթը կասեցնելու նպատակով:

  Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Վրաստանում բնակուող ազգային փոքրամասնութիւնների որոշ իրաւասութիւններ ճնշուեցին, իշխանութիւնները արհեստական խոչընդոտներ սկսեցին առաջացնել այլազգիների համար: Օրինակ, ԽՍՀՄ տարիներին, Ջաւախքում նոյնիսկ պետական մարմիններում ընդունուած լեզուները ռուսերէնն ու հայերէնն էին` արեւելահայերէնը եւ արեւմտահայերէնը, որովհետեւ մեծամասնութիւնը գաղթել էին Կարինից եւ Էրզրումից, եւ երբեք կարիք չէին ունեցել վրացերէն սովորելու: Վրաստանի անկախացումից յետոյ ընդունելի լեզու սահմանուեց վրացերէնը: Արդիւնքում, բազմաթիւ աշխատատեղեր այլեւս անհասանելի դարձան ջաւախահայերի համար, տարբեր հաստատութիւններից` պետական կառոյցներից, բուժհիմնարկներից, դպրոցներից հայերը հեռացուեցին բարձր պաշտօններից, նաեւ` աշխատանքից:

  Միաժամանակ, հայկական դպրոցները վրացականացուեցին, երբ ընդունուեց օրէնք հայկական դպրոցներում կրթութեան դասաւանդման լեզուն վրացերէնով իրականացնելու մասին: Ընկերային-տնտեսական ծանր պայմաններն էլ ամբողջացրեցին իրավիճակը, եւ Ջաւախքի հայ բնակչութեան գրեթէ կէսը արտագաղթեց: Այս մասին խօսուն է հայաբնակ Կարծախ գիւղի երեւոյթը. Խորհրդային Միութեան վերջին շրջանում այստեղ բնակւում էր շուրջ ութ հազար հայ, եւ սա այն գիւղն էր, որ բաւական աշխուժ էր մշակութային, հասարակական առումով, յայտնի մտաւորականներ էին այստեղ բնակւում: Այսօր Կարծախում ապրում է 800 հայ:

  Գործազրկութեան բարձր մակարդակը, գիւղում հայերէնի ուսուցման պակասը, հոգեւոր եւ կրօնական ազատութեան կաշկանդումը, շրջաններում` առողջապահութեան միջոցներից օգտուելու դժուարութիւնները, այս հարցերի նկատմամբ վրացական կառավարութեան անտարբերութիւնը եւ ամէնից վտանգաւորը` թուրք-ազրպէյճանական գործօնը, հարցեր էին, որ մտահոգութեան տեղիք տուեցին, եւ 16 տարի առաջ ՀՕՄ-ի արձագանգը եղաւ «Ջաւախք» հիմնադրամի ստեղծումը: Մեր յանձնախումբը հաստատեց մնայուն եւ շարունակական ծրագրեր` երիտասարդական, կրթական, ընկերային, մշակութային ոլորտներում:

Ն. Ա.- Դուք նշեցիք թուրք-ազրպէյճանական գործօնը: Ինչպէ՞ս է այն յատկապէս արտայայտւում:

  Լ. Պ.- Թուրքերը ազրպէյճանցիների հետ միասին միլիառաւոր տոլարների ներդրում են կատարում Վրաստանում եւ յատկապէս Ջաւախքում: (2014 թուականի տուեալներով, վերջին 15 տարուայ կտրուածքով, թուրքական ներդրումների թիւը Վրաստանում կազմել է 1,4 միլիառ տոլար, ազրպէյճանականը` 1 միլիառից աւելի: Հիմնական ներդրումները կատարուել են Աճարիայի Ինքնավար Հանրապետութիւնում եւ Սամցխէ-Ջաւախքում: Ջաւախքն իր մէջ ընդգրկում է Վրաստանի Սամցխէ-Ջաւախք նահանգը (6 շրջաններ) եւ Քուեմօ Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը, Խմբ.): Վրացական շուկան ողողուած է թուրքական էժան ապրանքներով, որոնք ճնշում են այլ արտադրանքը:

Թուրքերը կառուցում են ջրաելեկտրակայաններ, օրինակ` Փարվանայի ՀԷԿ-ի կառուցման համար ծախսել են 200 միլիոն տոլար: Շինարարական գործընթացում աշխատանք չտրամադրուեց տեղի բնակիչներին, այլ աշխատաւորներ բերուեցին Թուրքիայից: Միաժամանակ այս աշխատանքները մեծ վնաս են պատճառում կենսոլորտին եւ սպառնում են տեղի բնակիչների առողջութեանը: Այս շրջանում չնաշխարհիկ բնութիւն է` լեռներ, ջրվէժներ, որոնց մեծ մասը, ջրաելեկտրակայանների ստեղծման արդիւնքում չորացել է:

Ջաւախքում օրէցօր աւելանում է թուրքական ճաշասրահների թիւը, եւ օրինակ Ախալցխայում` 15-ից աւելի նման հաստատութիւններ կան, այն դէպքում, երբ թուրքերի թիւն այստեղ մեծ չէ: Այնինչ, Ախալցխայում 40 տոկոս կազմող հայերն այստեղ չունեն ոչ մի հայկական ճաշասրահ:

Թուրքերը նաեւ հեռահար նպատակներ ունեն` հայաբնակ շրջանները թուրքերով վերաբնակեցնելու եւ այս շրջաններում իրենց ազդեցութիւնը մեծացնելու: Այս պիզնեսների ստեղծումը նաեւ առիթ է տուեալ շրջաններում ստեղծելու թուրք-ազրպէյճանական համայնքներ: (Թուրքիան պարբերաբար բարձրացնում է մինչեւ 1944 թուականը Սամցխէ-Ջաւախեթիում ապրող մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը, Խմբ.): Այս փաստերը վերջերս նոյնիսկ մտահոգում են Վրաստանի կառավարութեանը:

Դրան էլ յաւելենք այն հանգամանքը, որ այս տարի նախատեսւում է Պաքու-Ախալքալաք-Թիֆլիս-Կարս երկաթուղու գործարկումը, որ թուրքերի համար նպատակ ունի նաեւ տարածաշրջանից ու աշխարհից Հայաստանին մեկուսացնելը:

Այդուհանդերձ, երկաթուղին անցնելու է Ջաւախքով, եւ սա եւս մէկ վկայութիւն է, որ Ջաւախքը ռազմավարական անքննելի նշանակութիւն ունի Հայաստանի համար: Հայութիւնը պէտք է գիտակցի այս փաստն ու կենտրոնացնի ուժերը` պատմականօրէն հայերին պատկանած այս շրջանը պահպանելու եւ զօրացնելու համար:

Ջաւախքի գոյութիւնը երաշխաւորում է Հայաստանի անվտանգութիւնը, եւ այդ առումով, ջաւախահայութեան խնդիրները համահայկական են: Սա փաստ է, որ ողջ աշխարհի հայութիւնը պէտք է գիտակցի: Ջաւախքը Հայաստանի համար ելք է դէպի ծով, դէպի աշխարհ: Լինելով ռազմաքաղաքական այլ իրողութեան մէջ, Ջաւախքը Հայաստանի համար զարգացման եւ դէպի աշխարհ դուրս գալու այլընտրանք է:

Համայն հայութեան ուշադրութիւնը պէտք է սեւեռուած լինի Ջաւախքին: Մենք պէտք է նեցուկ լինենք ջաւախահային բոլոր առումներով` թէ՛ նիւթապէս, թէ՛ բարոյապէս եւ թէ՛ հոգեպէս: Պէտք չէ թոյլ տանք, որ Ջաւախքում, մեր հողը պահող ջաւախեցին ամէնօրեայ հացի խնդիր ունենայ: Ի հակադրութիւն թուրք-ազրպէյճանական ճակատի, մենք էլ պէտք է մեր հերթին ներդրումներ կատարենք` աշխատատեղեր ստեղծելով, մշակութային, կրթական ոլորտներում զօրակցելով, ենթակառուցուածքներն ուժեղացնելով ու նորոգելով: Պէտք չէ թոյլ տանք, որ ջաւախքցու մօտ տիրի լքուածի, անուշադրութեան մատնուածի հոգեբանութիւնը, որ աւելի վատ է, քան` նիւթական վիճակը:

Ն. Ա.- Ջաւախքում հայկական գործօնը նաեւ Վրաստանի անվտանգութեան երաշխաւոր է. հաւասարակշռող դեր կարող է ունենալ թուրք-ազրպէյճանական ճակատին: Վրաստանի կառավարութիւնը ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ջաւախքում իրավիճակի բարելաւման համար: Իսկ Հայաստանի՞ կառավարութիւնը:

  Լ. Պ.- Վերջին 16 տարիների ընթացքում ինքս մի քանի անգամ այցելել եմ Ջաւախք, եւ այս տարիների ընթացքում հիմնաւոր բարելաւում չեմ նկատել, հակառակը` դժուարութիւններ են աւելացել: Որոշ բարեփոխումներ կատարւում են եւրոպական, ամերիկեան տարբեր կազմակերպութիւնների դրամաշնորհային ծրագրերի շնորհիւ, որտեղ պարտադիր նշուած է փոքրամասնութիւններին աջակցութիւնը: Վրաստանի կառավարութիւնը, սակայն, այդ գումարներով բարենորոգում է համալիրներ կամ աւազաններ, որոնք առանձնակի նշանակութիւն չունեն բնակչութեան համար: Իրենց աշխատանք է հարկաւոր, շրջանի տնտեսութեան զարգացում: Ջաւախքը, իրականում, լուրջ յայտ կարող է ներկայացնել Վրաստանի տնտեսութեան զարգացման հարցում նաեւ:

Հայաստանի կառավարութիւնն էլ պէտք է աշխուժօրէն ներգրաւուի այս հարցում, ինչը բնաւ չի նշանակում միջամտել Վրաստանի ներքին գործերին: Դա կարելի է իրականացնել օրէնքի եւ համաձայնագրերի շրջանակներում, ինչպէս վարւում են Ազրպէյճանն ու Թուրքիան:

Ջաւախահայերը, չնայած բազում դժուարութիւններին, յամառօրէն շարունակում են մնալ ու ստեղծել իրենց նախնիների հողում: Մենք` թէ՛ Հայաստանը, թէ՛ սփիւռքը, պէտք է նեցուկ կանգնենք, որ Ջաւախքում հայաթափում չլինի եւ չունենանք նոր Նախիջեւան: (Ջաւախքում, ըստ ուսումնասիրութիւնների, ներդրումների համար գրաւիչ ոլորտներ են` գիւղատնտեսութիւնը, ջրաելեկտրակայանների կառուցումը, զբօսաշրջութիւնը, Խմբ.):

Ն. Ա.- «Ջաւախք» հիմնադրամն ինչպէ՞ս է իրականացնում աջակցութիւնը ջաւախահայերին:

Լ. Պ.- ՀՕՄ-ի «Ջաւախք» հիմնադրամը բարեսիրական կազմակերպութիւն է, որ տարբեր միջոցներով հասնում է ջաւախահայերին` ելնելով առաջնահերթութիւններից: Մեր հիմնական առաքելութիւններից է հայապահպանութիւնը, որի շրջանակներում հիմնել ենք կրթամշակութային երիտասարդական կենտրոններ տարբեր քաղաքներում: Ախալցխայում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում ՀՕՄ-ի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան եւ «Ջաւախք» հիմնադրամի եւ Նինոծմինդայում` Ֆրանսայի «Ջաւախք» յանձնախմբի հետ միասին գնել եւ վերանորոգել ենք կենտրոնների համար շէնքեր եւ ստանձնել ենք դրանց պահպանումը: Մեր միջոցների մի մասն ուղղւում է այս կենտրոնների բարեկարգմանը, կահաւորմանը:

Այս կենտրոններ յաճախում են աւելի քան 700 պատանիներ ու երիտասարդներ նաեւ մօտակայ գիւղերից: Կենտրոնում կայ գրադարան, համակարգիչներ, առաջարկւում են հայոց լեզուի, հայոց պատմութեան, անգլերէնի, համակարգչային ծրագրերի, կար ու ձեւի դասընթացներ: Գործում են երգ ու պարի, թատերական, շախմատի եւ նկարչութեան ակումբներ: Յատկապէս հիմա, երբ չկան հայկական դպրոցներ, մեր կենտրոններն են դարձել լեզուի, պատմութեան ու մշակոյթի մատուցման հիմնական աղբիւր, եւ սա գիտակցելով, մենք առաւել հակուած ենք հայապահպանման ու հայակերտման այս կենտրոնները զօրացնելու:

Կենտրոնները նաեւ իւրատեսակ հաւաքատեղի են մեր երիտասարդների համար. նրանք հնարաւորութիւն են ունենում ծանօթանալու միմեանց, հանդէս գալու համատեղ նախաձեռնութիւններով, կիսելու իրենց մտայղացումները հասակակիցների հետ, ինչի արդիւնքում նաեւ կազմակերպւում են բազմաբնոյթ ձեռնարկներ` նուիրուած ազգային տօներին, հերոսներին: Այս կենտրոնները նաեւ դարձել են Հայաստանից, սփիւռքից Ջաւախք այցելող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների պարտադիր այցի վայր, որտեղ կարող են ծանօթանալ ջաւախահայերի առօրեային, խնդիրներին: Շատ ենք լսել հիացական արձագանգներ կենտրոնների եւ առաքելութեան մասին, նաեւ` որպէս հայակերտման օճախների: Մանրամասներին կարելի է ծանօթանալ «Ֆէյսպուք» ընկերային ցանցում կենտրոնների էջերից:

Ն. Ա.- Ի՞նչ այլ ծրագրեր էք իրականացնում Ջաւախքում:

Լ. Պ.- ՀՕՄ-ի «Ջաւախք» յանձնախումբը նաեւ հոգում է կենտրոնների պահպանումը, ուսուցիչների ու մասնագէտների մշտական ներկայութիւնը: Ապահովում ենք մեր գրադարանները գրքերով: Մենք նաեւ հոգում ենք ջաւախահայ դպրոցականների համար` յատկացնում ենք գրենական պիտոյքներ, հագուստ: Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում եւ Ծալկայում ամէն տարի կազմակերպուող ճամբարներին մասնակցում է շուրջ 150 երեխայ: 10-12 օրուայ ընթացքում 7-15 տարեկան երեխաները ծրագրի շրջանակներում մասնակցում են դասախօսութիւնների` հայոց պատմութեան, մշակոյթի թեմաներով, ներգրաւուում են ազգագրական երգերի, պարերի ուսուցման, մարմնամարզութեան եւ մանկական խաղերի: Ծրագրում նախատեսուած է նաեւ փոքրիկ շրջապտոյտներ: Սա եւս մէկ առիթ է ջաւախահայ մեր պատանիներին ազգային արժէքներ ներարկելու, նաեւ` սփիւռքահայ երիտասարդների հետ հաղորդակցուելու, ամառային արձակուրդի օրերը ճամբարական հետաքրքիր եւ բովանդակալից կեանքով անցկացնելու:

Մեր ծրագրերը ներառում են նաեւ առողջապահական ոլորտի բարելաւմանն ուղղուած աշխատանքներ: Առանձնացնեմ բուժքոյրերի համար երկշաբաթեայ վերապատրաստման դասընթացները, որոնք վարում էին Հայաստանից եւ սփիւռքից փորձառու մասնագէտներ: Հովանաւորել ենք նաեւ գիւղերում բնակիչներին բժշկական ծառայութիւնների մատուցում:

Ն. Ա.- Ձեր աշխատանքի ընթացքում հանդիպո՞ւմ էք արդեօք խոչընդոտների:

Լ. Պ.- Մենք վերջերս յատկապէս դժուարութիւն ենք ունենում Ջաւախք մեր օգնութիւնը տեղ հասցնելու հարցում, մանաւանդ` հայալեզու գրքեր: Վրացիները շատ զգայուն եւ նախայարձակ են դարձել ազգային որեւէ դրսեւորման նկատմամբ եւ սահմանն անցնելուց մշտապէս խոչընդոտներ են ստեղծում: Մենք փորձում ենք հայկական գրականութիւն մատակարարելով ինչ-որ կերպ լուծել հայկական դպրոցների փակումից յետոյ ստեղծուած իրավիճակը, եւ մեր գրադարանները համալրել հայոց լեզուի, պատմութեան ու մշակոյթի մասին գրականութեամբ:

Մեր յանձնախմբի անդամների Ջաւախք այցերի ժամանակ էլ, ճամբորդութեան սկզբից մինչեւ վերջ հետեւում են մեր իւրաքանչիւր քայլի: Սակայն այս հանգամանքը երբեք չի կարող խանգարել մեր աշխատանքներին:

Ն. Ա.- Ձեր յանձնախմբի գործունէութեան մի մասն էլ ներառում է սփիւռքում Ջաւախքի մասին իրազեկումը: Ինչպէ՞ս է արձագանգում հանրութիւնը:

Լ. Պ.- Մեր նոր կարգախօսն է` «Ջաւախքին զօրակցելը մեր պարտականութիւնն է», որով եւ ներկայում իրականացնում ենք մեր քարոզչական գործունէութիւնը, որ «Ջաւախք» հիմնադրամի յանձնախմբի հիմնական աշխատանքային ուղղութիւններից է: Մենք համայնքին ծանօթացնում ենք Ջաւախքում տիրող իրավիճակը, ներկայացնում մեր ծրագրերը տարբեր միջոցներով` լրատուամիջոցներով, տարբեր դասախօսական ձեռնարկներ կազմակերպելով, որտեղ բանախօսները նաեւ Ջաւախք այցելած անհատներ են:

Յատկապէս կարեւորում ենք մեր պատանիների եւ երիտասարդների հետ աշխատանքը: Այս նպատակով, մեր յանձնախմբի անդամներն ու Ջաւախք այցելած եւ այնտեղ գործած երիտասարդներն այցելում են հայկական վարժարաններ եւ պատմում հայութեան համար Ջաւախքի կարեւորութեան մասին, կիսւում իրենց այցի տպաւորութիւնները` մեր աշակերտների մէջ զարգացնելու ազգային պարտականութեան գիտակցութիւնը: Անշուշտ, ուսուցիչներին էլ փոխանցում ենք տեղեկութիւններ, տեսանիւթեր, որ ներկայացնեն իրենց աշակերտներին: Մեր մանուկների համար հրատարակել ենք երկլեզու գիրք, որտեղ ասւում է, թէ Ջաւախքն ինչ նշանակութիւն ունի մեր համար, եւ ինչու է կարեւոր Ջաւախքին օժանդակելը:

Մեր երեխաներն անմիջականօրէն մասնակցում են նաեւ Ջաւախքին նիւթապէս աջակցելու գործընթացին: Արդէն ութ տարի է, որ յատուկ Ջաւախք գանձանակներ ենք բաժանում ազգային վարժարաններում, եւ հայ աշակերտներն այսպիսով իրենց լուման են ներդնում մեր գործում:

Պատանիների շրջանում քարոզչական աշխատանքն իր պտուղները տալիս է շատ առումներով: Օրինակ, այն սերունդը, ում մենք տարիներ առաջ տեղեկացրել ու կրթել ենք, այսօր իրենք էլ ստանձնել այդ դերը: Նրանք նաեւ այցելում են Ջաւախք, ուսումնասիրութիւններ անում, տեսանիւթեր են նկարահանում եւ վերադառնում են իրենց աշխատանքները ներկայացնում, կիսւում իրենց զգացումներուն ու փորձառութիւնը: Այս տարի նաեւ Ջաւախքին նուիրուած յատուկ պաստառներ ենք պատրաստել եւ տեղադրել հայկական մեր վարժարաններում, որ մեր աշակերտներն իրենց ստորագրութիւնները դրոշմեն:

Այսօր ջաւախեցին առաւել բարոյահոգեբանական, հոգեւոր աջակցութեան կարիք ունի, եւ մեր կողմից ուշադրութեան իւրաքանչիւր դրսեւորում ջաւախահայի համար նշան է, որ սփիւռքի հայրենակիցներն իրենց հետ են: Ջաւախքի հարցը պէտք է լինի մեր ազգային օրակարգի առաջնահերթութիւնը, եւ այս գիտակցումով էլ մենք աշխատում ենք:

Ն. Ա.- Ինչպէ՞ս են գոյանում ձեր գործունէութեան համար անհրաժեշտ գումարները:

Լ. Պ.- Մեր բարեգործական աշխատանքների համար հիմնական ֆինանսական միջոցները յատկացնում են ՀՕՄ-ի մասնաճիւղերը, շրջանի կազմակերպութիւնները, ունենք անհատ նուիրատուներ: Մեր յանձնախումբն ամէն տարի անցկացնում է հիմնական հանգանակային ձեռնարկ, որ այս անգամ տեղի կ՛ունենայ ապրիլի 2-ին, Լոնկ Պիչում` «Քուին Մերի» նաւի վրայ, ժամը 12:00-ից 5:00ը:

Այս տարուայ ձեռնարկը համընկնելու է Արցախի քառօրեայ պատերազմի առաջին տարելիցին, եւ յայտագիրը կազմել ենք օրուայ խորհրդին համահունչ: Ցուցադրելու ենք նաեւ տեսերիզ, որտեղ Ջաւախքի աշակերտները կ՛ընթերցեն Արցախի զինուորներին ուղղուած իրենց նամակը:

Կոչ եմ ուղղում Միացեալ Նահանգներում բնակուող ջաւախահայերին, եւ մեր բոլոր հայրենակիցներին որ աջակցեն մեզ, մասնակցեն մեր աշխատանքներին: Մենք կարիք ունենք իրենց ներկայութեան, իրենց քարոզչութեան, իրենց ներդրումին` ոչ միայն ֆինանսական, նաեւ բարոյական ու հոգեբանական:

Ջաւախքում գոյատեւումն ամէնօրեայ պայքար է, եւ այսօր ջաւախահայութիւնը, աւելի քան երբեւէ, մեր օգնութեան կարիքն ունի: Համայն հայութեան պարտականութիւնն է օգնել Ջաւախքին, որպէսզի այն հզօրանայ, իր պատմական փառահեղ անցեալը վերապրի, եւ ջաւախահայութիւնը մնայ պապենական հողերում` միաժամանակ երաշխաւորելով Հայաստանի անվտանգութիւնը:

Ձեռնարկի մուտքի նուէրը 125 տոլար է: Տոմսերի համար` կապուել ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան գրասենեակ` հեռաձայնելով (818) 500-1343:

ՀՕՄ-ի «Ջաւախք» հիմնադրամի յանձնախմբի աշխատանքներին եւ հետագայ ծրագրերին կարելի է ծանօթանալ կազմակերպութեան կայքից, «Ֆէյսպուք»-ում գործող էջից, նաեւ` «Ասպարէզ»-ից:

Ջավախք 56 Ախալքալաք 3 Ախալցխա 4 Նինոծմինդա 3 Ծալկա 2 Հայաստան 12 Վրաստան 11 Սամցխէ-Ջաւախք 2 Հայ օգնութեան միութիւն 1

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ