Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:
Ծնվել է 1946 թ. հունվարի 2-ին Ախալցխայի շրջանի Նաոխրեբի գյուղում: Արամ և Արման Ղազարյանների հայրը: 1957-1962 թթ․ սովորել և ավարտել է Վալեի համար 3-րդ հայկական միջնակարգ դպրոցը։ 1963-64 թթ․ սովորել է Երևանի ֆինանսա - տնտեսագիտական տեխնիկումում։ 1964 թ․ ընդունվել և 1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը:
1971-1974 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1974-1990 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ` Առողջապահության ազգային ինստիտուտ) որպես ավագ գիտաշխատող և կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1990 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ-ի (այժմ՝ Հեմատոլոգիայի կենտրոն) կենսաքիմիայի գիտաարտադրական բաժնի և պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, կենսաքիմիայի և կրիոկենսաբանության գիտաարտադրական բաժնի հիմնադիր, 1995 թվականից միաժամանակ՝ կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն: 1994-1998 թվականներին ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, 1998 թվականից՝ քիմիական ֆակուլտետի դեղագործության բաժնի դեղագիտական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր: 2016 թվականից Կրթության միջազգային ակադեմիայի «Հայբուսակ» համալսարանի «Բժշկական կենսաքիմիայի և քիմիայի» ամբիոնի վարիչն: 1975 թվականից Հայաստանի կլինիկական կենսաքիմիկոսների գիտական ընկերության գիտքարտուղարն է, 2005 թվականից «Արյուն» գիտագործնական ամսագրի (Armenian Journal Blood and Cancer) գլխավոր խմբագրի տեղակալ, «Ֆարմա» գիտագործնական ամսագրի պատասխանատու խմբագիր:
1974 թ. պաշտպանել է թեկնածուական, 1986 թ. դոկտորական ատենախոսություններ, դառնալով կենսաբանական գիտությունների դոկտոր:
1990 և 1991 թ. պարգևատրվել է՝ ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության և ՀՀ Առողջապահության նախարարության դիպլոմներով: 1997 և 1998 թ. Ամերիկայի Կենսագրական Ինստիտուտի կողմից արժանացել է «Տարվա Մարդը» մրցանակին և պարգևատրվել Աշխարհի առաջատար գիտնականներին շնորհվող «Ոսկե Մեդալ»-ով: 2006 թ. ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր: 2006 թ. ՀՀ առողջապահության նախարարության պատվոգիր: 2008 թ. Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան հուշամեդալ` Արյունաբանական կենտրոնի կայացման, արյունաբանության և փոխներարկաբանության մեթոդների ներդրման և զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման և բազմամյա անբասիր աշխատանքի համար:
Պ. Ղազարյանը 1996 թ. ընտրվել Նյու-Յորքի ակադեմիայի ակադեմիկոս, 1998 թ. ընտրվել է Ամերիկայի Կենսագրական ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր անդամ, 2000 թ. Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 2007 թ. Ամերիկայի Քիմիկոսների ասոցիացիայի անդամ, 2008 թ. Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ` ակադեմիկոս, 2009 թ. Ռուսաստանի Դաշնության Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 2010 թ. Եվրոպայի Բնական Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ՝ ակադեմիկոս:
Պրոֆեսոր Պ. Ղազարյանի կողմից մշակվել և առաջադրվել են թոքերի ոչ սպեցիֆիկ հիվանդությունների, քրոնիկական պանկրեատիտների, հեպատիտների, պարբերական հիվանդության ախտորոշման և դիֆերենցիալ ախտորոշման, հեմոբլաստոզների կանխորոշման, ախտորոշման և թերապիայի մեթոդներ, որոնց մի մասը հաստատված են ԽՍՀՄ, ՌԴ և ՀՀ գյուտարարությունների հեղինակային վկայականներով, ներդրված են գործնական բժշկության մեջ: Նրա կողմից ստեղծված «Պետամցին-Ա» դեղը, որպես «Մաշկի սնկային հիվանդությունների բուժման միջոց»` գյուտարարության հեղինակային առաջարկ, պատենտավորված է, ներդրված գործնական բժշկության մեջ և վերջին տարիներին արտադրվում է որպես մաշկի սնկային հիվանդությունների բուժման դեղամիջոց:
Ստացել է մի շարք գյուտարարությունների հեղինակային վկայականներ և արտոնագրեր: Գործնական բժշկության մեջ և ուսումնական գործընթացում կատարել է 20-ից ավելի ներդրում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 25 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություն:
Պետրոս Ղազարյանը 2015 թվականից՝ 69 տարեկան հասակում, սկսել է գեղանկարչական գործունեություն և առաջին տարում ստեղծել 50-ից ավելի բնանկարներ, որոնց թեման հիմնականում հայկական բնաշխարհն է: 2016 թվականին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Պետրոս Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը «Հայրենի բնաշխարհ» խորագրով: